Լրահոս

01.11.2010 13:55


Վահան Հովհաննիսյան. «Մենք այդ տղուն ինչպե՞ս հետ տանք Ադրբեջանին»

Վահան Հովհաննիսյան. «Մենք այդ տղուն ինչպե՞ս հետ տանք Ադրբեջանին»

ԼՂՀ-ում արձագանքելով Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հռչակագրին, ոստ որի նախատեսվում է  գերիների փոխանակում, նշվել է, թե դա կթուլացնի լարվածությունը շփման գծում, սակայն պայմանավորվածությունն իրագործվելու համար ՀՀ նախագահն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է դիմեն Արցախին։

Մեկնաբանելով վերոնշյալ հարցադրումը՝ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, թե դա ճիշտ մոտեցում է, և ԼՂՀ-ն պետք է մասնակից լինի բոլոր նման գործողություններին։ Նրա կարծիքով՝ առնվազն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների համար դա պարտադիր է, քանի որ վերջին շրջանում ՄԽ համանախագահների բառապաշարում հայկական կողմի համար ոչ դուրեկան տոնայնություն է նկատվում.

-Ասելով երևութապես նույնը, նրանք միևնույն ժամանակ, օրինակ, սկսում են Ստեփանակերտ/Խանքենդի գրել։ Նրանք սկսում են նորից տարածքների բնութագրումներ տալ ինչ-որ։ Ես, օրինակ կհամարեի ճիշտ, որ մեր կողմը պարտադրեր, պահանջեր, որ եթե դուք գրում եք Ստեփանակերտ/Խանքենդի, ուրեմն գրեք Լաչին/Բերձոր, Քելբաջար/Քարվաճառ։ Այսինքն պարիտետ, ուրեմն՝ պարիտետ,-ասել է Վահան Հովհաննիսյանը։

Այս ամբողջ խնդիրն ու պատերազմը, նրա խոսքերով, առաջացել է կեղծ պարիտետ՝ հավասարություն պահելու հետևանքով, որը սկսվել է խորհրդային տարիներին և շարունակվել միջազգային կազմակերպություններում։

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, նրա խոսքերով՝ չի բացառվում, որ հայ ռազմագերիներ Ադրբեջանում դեռ կան։ Նա նշել է, որ ռազմագերին ցանկացած գերի վերցվածը չէ, այլ «զենքով կռվող կոմբատանտն է», որը գերի է ընկել։ Իսկ գերեվարված հովիվները, որոնց բանտերում սպանում են, ռազմագերի չեն, այլ քաղաքացիական, խաղաղ բնակիչ։

-Հիմա պատկերացրեք, որքանո՞վ պարիտետային կարելի է համարել, եթե Ադրբեջանում կա հայ զինվոր գերի, իսկ Հայաստանում կա ադրբեջանցի զինվոր, որին այնքան են բռնաբարել իր զորամասում, որ ինքը փախել է Հայաստան։ Մենք այդ տղուն ինչպե՞ս հետ տանք Ադրբեջանին։ Իրան 20 տարով կմտցնեն բանտ՝ որպես ազգի դավաճանի։ Որքանո՞վ է հումանիտար նման երիտասարդին հետ հանձնելը, որ իր կամքով փախել է։ Կան, չէ՞, նաև Հայաստանից ինչ-որ փախածներ։ Ապուշություն է չէ՞ նրանց հետ պահանջելը։ Փախել ես, փախել ես. հաջողություն։ Խոսքը, շփման գոտում բախման արդյունքում եթե կան դիակներ, դրանց փոխանակության մասին, և եթե կան ռազմագերիներ,-ասել է Վահան Հովհաննիսյանը։

Այդ տեսանկյունից նա նշել է, որ հռչակագիրը, իհարկե, հումանիտար բնույթ է կրում, բայց դրա իրականացման հիմքերն այնքան էլ հստակ չեն երևա, եթե չխոսեն ուղիղ Արցախի հետ։ Սա, նրա կարծիքով, հնարավոր է՝ նորից ծուղակ լինի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման, այլ ոչ թե շփման գոտի։ ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև է ռազմաճակատ, որն անվանվում է շփման գոտի, և այնտեղ է, որ այդ հարցերը պետք է լուծվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը