Լրահոս

01.11.2016 15:55


Ալեք Ենիգոմշյան․ «Հայաստանում իշխանափոխության խնդիր կա»

Ալեք Ենիգոմշյան․ «Հայաստանում իշխանափոխության խնդիր կա»

«Հիմնադիր խորհրդարանը» (ՀԽ) և «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ճանապարհային քարտեզ են մշակել, որը, ինչպես այսօր հայտարարեց ՀԽ ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը, ենթադրում է նաև նոր հանրապետության ստեղծում։

«Ապակարոտացում և ինքնիշխանության կայացում, Արցախի՝ իր ներկա սահմանադրական սահմաններով դե յուրե վերամիավորում և կենսունակ պետության ստեղծում, կայացում։ Միայն այս իշխանափոխությունից հետո՝ այս երեք նպատակների իրականացումից հետո մենք կկարողանանք ասել, որ մենք արդեն ունենք նոր հանրապետություն՝ ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, ազգային, հայկական պետություն», - ասաց Ենիգոմշյանը։

Ըստ ՀԽ ներկայացուցչի՝ Հայաստանում իշխանափոխության խնդիր կա, քանի որ ներկայիս իշխանությունները պետության և ժողովրդի շահերին դեմ են գնում։ Դրանից հետո, ըստ ճանապարհային քարտեզի, երկու տարվա անցումային փուլ կլինի, նոր Սահմանադրություն և Ընտրական օրենսգիրք կընդունվեն, որից հետո էլ ընտրություններ կանցկացվեն։

«Ազատության» հարցին՝ եթե ժողովուրդը դուրս չգա՞ փողոց և չաջակցի՞ իշխանափոխությանը, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը պատասխանեց․

«Ցանկացած ազգային ազատագրական շարժում, որը սկսվում է, միշտ ունենում է առաջնորդներ և նվիրյալներ, և նրանք չեն մտածում՝ կլինի, թե չի լինի, որովհետև իրենք իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես պետք է լինի, ինչպես մենք տեսանք, ինչպես մենք փորձում ենք շարունակել։ Օրինակի շուրջ են մարդիկ համախմբվում. իսկ եթե չլինի, ուրեմն մեր ժողովուրդը ևս կապրի երկար ժամանակ այսպիսի Հայաստանում»։

Մանրամասները՝ «Ազատություն»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը