Հարցազրույց

01.11.2010 16:34


Ռաֆայել Համբարձումյան

Ռաֆայել Համբարձումյան

Հարցազրույց «Ազգային միասնության ուխտ» կուսակցության նախագահ Ռաֆայել Համբարձումյանի հետ

-Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, թե դեկտեմբերի 1-2-ը Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ԼՂ-ի հարցով «Ճանապարհային քարտեզ» կստորագրեն։ Դուք նույնպե՞ս այս կարծիքին եք։

-Քանի որ Թուրքիան շատ լավ գիտի, թե Հայաստանն ինչպիսի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից՝ ղարաբաղյան հարցն իրենց ցանկացած կերպով լուծելու, այսինքն Հայաստանին պարտադրելու համար, որպեսզի ամբողջ ազատագրված տարածքները և ընդհնարապես Արցախը հանձնի Ադրբեջանին՝ որպես ինքնավարություն, ա՛յ, սա՛ է նրանց նպատակը։ Ընդամենը պարտադրեն իրենց նպատակը։ Եվ հիմա Աստանայում մեկ քայլ առաջ պետք է գնան իրենց այդ հարցերը լուծելու մեջ։ Բացարձակապես հայությունը ոչ մի օգուտ չի կարող ստանալ այդ հանդիպումներից, որը կազմակերպում է Ռուսաստանը։

-Մեկ քայլ առաջ ասելով՝ նկատի ունեք «ճանապարհային քարտե՞զը»։

-Ես այն կարծիքին եմ, որ «ճանապարհային քարտեզ» է, թե ինչ է, բայց հիմնական նպատակն Արցախն Ադրբեջանին վերաենթարկելու գործն է, որ նրանք ձգտում են անել։ Եվ Աստանայում, կարող է պատահի, ինչ-որ մի քայլ առաջ գնան իրենց այդ խնդիրները լուծելու համար։

-Իսկ ԼՂ-ի հարցով ընդհանուր առմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն ինչպես ե՞ք գնահատում։

-Հայաստանի նախագահի վերջին հարցազրույցը, որտեղ նա պատասխանեց Ալիևին, լա՛վ էր։ Բայց ես քանի որ վստահ եմ, որ Հայաստանն ինքնուրույնություն, անկախություն չունի, Հայաստանն անընդհատ պետք է նայի Ռուսաստանին, և Ռուսաստանն ինչպես թելադրեց, այնպես էլ պետք է շարժվի։ Իսկ քանի որ Ռուսաստանին պետք է նավթի, գազի հարցերը լուծել ըստ իր ցանկացածի, նա անպայման կաշխատի ինչ-որ քայլերով իրեն մերձեցնել Ադրբեջանին։ Իսկ Հայաստանին մերձեցնելու, Հայաստանին ինչ-որ բան տալու որևէ խնդիր չունի, որովհետև Հայաստանը Ռուսաստանին իբրև թե համարում է իր գործընկերը։ Այս սուտ բանից մենք պետք է ձեռք քաշենք։ Հայաստանն անկախ չէ։ Հայաստանը շատ ավելի է հիմա կախված Մոսկվայից, քան 1985-87թթ.։ Միակ պետությունը, որ կարող է Հայաստանին ստիպել, որ նա հրաժարվի ազատագրված իր տարածքներից և Ղարաբաղն էլ ենթարկի Ադրբեջանին՝ բարձր ինքնավարության կարգով, Ռուսաստանն է։ Որևէ այլ պետության միջոցով նա դա չի կարող անել։

-Այսօր տեսնո՞ւմ եք որևէ քաղաքական ուժի, որն ի վիճակի է այս իշխանությունների դեմն առնել։

-Առայժմ չկա, բայց կարծում եմ, որ պետք է ստեղծվի և՝ միայն ընտրությունների միջոցով։ Պետք է ընտրությունների միջոցով ազգային ուժերը կարողանան գալ իշխանության և Հայաստանի անկախությունը բերեն։ Հայաստանն անկախացել է 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումով, երբ որ Արցախը միացվեց Հայաստանին։ Մեր ժողովուրդը ոտքի կանգնեց՝ Արցախը Հայաստանին միացնելու, ոչ թե Արցախը դարձնելու ինչ-որ ինքնավար հանրապետություն և այլն։

-Կարծում եք, որ այդ ուժը ընտրությունների ժամանակ հաջողության կհասնի՞։

-Կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաջողության հասնի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը