Լրահոս

02.11.2016 15:07


Նելլի Խերանյան. «Ամաչում եմ այդ մասին խոսել, գետինն եմ մտնում դրա համար»

Նելլի Խերանյան. «Ամաչում եմ այդ մասին խոսել, գետինն եմ մտնում դրա համար»

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դուստրը` Անի Ներսիսյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին` նշելով, որ դիմում է գրել և հեռացել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, որտեղ դասախոսում էր: Ըստ Անի Ներսիսյանի` պատճառը ցածր աշխատավարձն էր:

«Այդ խղճուկ, ծիծաղելի, ողորմելի աշխատավարձով ինչպես շարունակի աշխատել ուսուցիչը, դասախոսը, որն ընտանիք ունի, երեխաներ ունի, երազանքներ ունի, արժանապատիվ ապրել է ուզում, և վերջապես մարդ է»,-գրել էր Անի Ներսիսյանը:

«Asekose.am»-ն այս առիթով զրուցել է Նելլի Խերանյանի հետ:

-Տիկի՛ն Խերանյան, որքանով տեղյակ եմ, Դուք և Տիգրան Ներսիսյանը հորդորում էիք ձեր դստերը չհեռանալ ինստիտուտից: Ինչո՞վ էր պայմանավորված այդ հանգամանքը, գուցե լավատեսությա՞մբ:

-Արդեն գրեթե 3 տարի ես իմ հերթին, Տիգրանն իր հերթին համարյա ամեն առավոտ խոսում էինք այդ թեմայով: Անին աշխատանքի գնալիս միշտ դժգոհում էր`ասելով, որ վիրավորական է: Նա նշում էր, որ ո՞ւմ է այդ քայլով խաբում և ինչո՞ւ է այդ ամենն անում: Մենք փորձել ենք հանդարտեցնել Անիին: Եթե մարդ հույս էլ չունենա, ամեն բան պետք է ավարտված համարենք, գուցե այդ սկզբունքից ելնելով է, որ Անիին մշտապես հորդորել ենք շարունակել աշխատանքը, գուցե ինչ-որ բան փոխվեր, գուցե առաջընթաց լիներ: Բայց օրերս կայացրած այդ որոշումը գտնում եմ, որ ճիշտ էր, ինչքան էլ որ 3 տարի հակառակն եմ փորձել համոզել նրան: Իմ սրտի խորքում գիտեի, որ այդպես անհնար է, վիրավորական է, արհամարհանք է երիտասարդի հանդեպ, առհասարակ, մանկավարժի հանդեպ: Վերջապես, եթե սերնդափոխություն չպետք է լինի, ստացվում է, որ երիտասարդներ չպե՞տք է գան, չպե՞տք է փոխարինեն ավագներին, ովքեր վաստակ ունեն, չէ՞ որ նրանց կողքին պետք է աշխատեն, նրանցից պետք է սովորեն, գուցե, ինչ-որ բաներ էլ սովորեցնեն, որովհետև ավելի թարմ ուղեղ և արյուն է գալիս: Սակայն այս հարցերը մենք չէ, որ պետք է քննարկենք, այս հարցերը պետք է քննարկվեն ավելի վերին ատյաններում, սա պետք է քննարկվի հենց ինստիտուտի ներսում, պետք է այս ամենն ինստիտուտի ղեկավարությանը մտահոգի: Այնքան պետք է մտահոգի, որ ամենօրյա պայքարի և առաջընթացի խթան լինի: Ես գիտեմ նաև, որ սա միակ բուհն է, որտեղ դասախոսն այդքան քիչ է վարձատրվում, գուցե, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե սխալվում եմ, թող ինձ ներեն: Դերասանական արվեստի, մշակութային սերնդափոխության նկատմամբ այսքա՞ն վատ վերաբերմունք:

-Ի՞նչ եք կարծում՝ ցածր աշխատավարձը կարո՞ղ է վնասել նաև դասախոսների, մանկավարժների աշխատանքի արդյունավետությանը:

-Չի կարող դասախոսը լիարժեք նվիրված աշխատել, եթե այդպես է վարձատրվում: Եթե որևէ մեկը կարծում է, որ միայն էնտուզիազմի վրա կարելի է դա անել, ի՞նչ կարող եմ ես ասել, խոնարհվում եմ իր առաջ, սակայն իմ խորին համոզմամբ` դա այդպես չէ: Միայն էնտուզիազմի վրա դա հնարավոր չէ, մանավանդ աղջկաս տարիքում, երբ մարդու արյունը եռում է, երբ մտքեր, տեսլական և երազանքներ ունի, չի կարելի այդպես: Եվ այս ամենի մասին բոլորն էլ գիտեն, բոլորն էլ վրդովված են, բոլորն էլ մտորումների մեջ են` հեռանա՞լ, թե՞ մնալ: Մեր աղջկա դեպքում, գուցե, աղմուկը մի փոքր շատ էր, գուցե մեկ ուրիշի դեպքում այսքան չխոսվեր:

-Տիկի՛ն Խերանյան, իհարկե, հստակ թվեր չեք կարող նշել, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ տեսակ աշխատավարձի մասին է խոսքը:

-Ներեցեք, ես ամաչում եմ այդ մասին խոսել: Ես գետինն եմ մտնում դրա համար, թող ասեն նրանք, ովքեր աշխատում են այդտեղ: Ես ինձ թույլ չեմ տա այդ ողորմելի գումարի մասին բարձրաձայնել, բայց այն, ինչ ստանում էր իմ աղջիկը, ամաչելու բան է դրա մասին խոսելը:

-Եթե պատկերն այդպիսին է, այդ դեպքում ինչո՞ւ էիք հորդորում նրան չհեռանալ:

-Նախ՝ Անին այդ ամենը շատ մեծ նվիրումով էր անում, ես դա տեսնում էի: Ես ծնող եմ և իմ երեխայի համար լավագույն ապագան եմ ուզում, դա իմ ամենամեծ երազանքն է: Գուցե սխալվել եմ, բայց այսքան տարիներ պնդել ենք, որ նա մնա: Եթե հույս չունենանք, որ որևէ բան պետք է փոխվի, ես կանջատեմ լույսերը և կհեռանամ այստեղից:

Մանրամասները՝ «Asekose.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը