Աշխարհ

23.02.2010 12:30


Թուրքական հասարակությունը ստիպված կլինի ընտրություն կատարել

Թուրքական հասարակությունը ստիպված կլինի ընտրություն կատարել

Ժամանակակից Թուրքիայի ներքաղաքական կյանքի համար այսպես կոչված քաղաքացիական վարչակազմի և զինվորական վերնախավի միջև ավանդական առճակատումը զարգանում է աճող դինամիկայով։ Այս երկուշաբթի թուրքական ոստիկանությունը ձերբակալել է երկրի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մի շարք նախկին հրամանատարների և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների։ APA գործակալությունը հաղորդում է, որ ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հրամանատարի նախկին տեղակալ Էրգին Սայգունը, թուրքական բանակի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Իբրահիմ Ֆըրթընը, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Օզգեն Օմեկը, պաշտոնաթող գեներալ Էնգին Ալանը և 10 պաշտոնաթող գնդապետ։ Նրանք մեղադրվում են պետական հեղաշրջում կատարելու նպատակով երկրի ներքաղաքական իրավիճակի ապակայունացման փորձի մեջ։ Ավելի վաղ իշխանամետ «Թարաֆ» թերթը գրել էր, թե դեռևս 2002թ. զինվորական վերնախավի նախկին ներկայացուցիչները մշակել էին հակակառավարական հատուկ ծրագիր։ Քաղաքական պայքարի միջոց էր ընտրվել ահաբեկչությունը։ Ծրագրի իրականացման համար որոշվել էր ուրբաթօրյա նամազի ժամանակ պայթյուններ իրականացնել Ստամբուլի մի շարք մզկիթներում, գրավել երկրի ռազմական թանգարանը, Էգեյան ծովի վրա խփել մի քանի թուրքական ռմբակոծիչներ, որպեսզի հետո դրանցում մեղադրվեն Հունաստանի իշխանությունները։ Ըստ «Թարաֆ»-ի՝ զինվորականները հույս ունեին, որ երկրի ներսում քաոսն ու խուճապը, ինչպես նաև Անկարայի և Աթենքի միջև հարաբերությունների սրացումը հնարավորություն կտան զինվորական հեղաշրջում իրագործել։ Թերթի պնդմամբ՝ հեղաշրջումից հետո նախատեսված էին մասայական ձերբակալություններ։ Ինչպես և սպասվում էր, Թուրքիայի զինվորականությունը հերքել էր «Թարիֆ»-ի «ենթադրությունները»։ Թուրքիայի զինված ուժերի 1 բանակի նախկին հրամանատար Էլքեր Բաշբուղը հայտարարել էր, որ նման մեղադրանքները երկրի զինված ուժերի վարկաբեկման բաղկացուցիչ են։ Ուշագրավ է, որ Թուրքիայի հետախուզական կոմիտեի նախկին վերլուծաբան Մախրի Քայչակը հայտարարել էր, թե երկրի իշխանությունները մտադիր են խոչընդոտել զինվորական վերնախավի գործուն ներգրավմանը ներքաղաքական գործընթացներին։ «Այդ նպատակով վարչապետ Էրդողանը բանակցություններ էր սկսել երկրի գեներալիտետի հետ։ Ներկայումս Թուրքիայում զինվորական հեղաշրջման հնարավորությունը գրեթե զրոյական է։ Երկրի միակ իշխող ուժը հենց քաղաքացիական վարչակազմն է, որն ըստ էության իրագործում է մշակված ծրագրերը»,-ընդգծել է Քայչակը։ Վերլուծաբանների զգալի մասը շատ զգույշ է մոտենում զինվորական վերնախավի դիրքերի թուլացմանն ուղղված Էրդողանի հաջորդ քայլերին։ Միաժամանակ անըդհատ խոսվում է այն մասին, թե թուրք հասարակությանը գնալով նյարդայնացնում է զինվորականության «հատուկ կարգավիճակը»։ Իսլամիստների (որոնց կողմնակիցներն են մեծ հաշվով համարվում նաև Էրդողանն ու իր թիմակիցները) և զինվորական վերնախավի (որը աշխարհիկ պետության ջատագովն է) միջև անդրկուլիսյան «ռումբը» միայն այսօրվա խնդիրը չէ։ «Zerkalo.az»-ը գրում է, որ թուրքական հասարակությունը մոտ ապագայում հավանաբար ստիպված կլինի ընտրություն կատարել իր անցյալի, ներկայի և ապագայի միջև։

Այս խորագրի վերջին նյութերը