Լրահոս

24.12.2009 11:18


Գրիգոր Հարությունյան (ՀԺԿ). «Իհարկե, նաև մենք ենք որոշ բացթողումներ ունեցել»

Գրիգոր Հարությունյան (ՀԺԿ). «Իհարկե, նաև մենք ենք որոշ բացթողումներ ունեցել»

Ամփոփելով 2009թ.՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը «7օր»-ին ասել է, որ ձեռքբերում, որպես այդպիսին, չի կարող արձանագրել, որովհետև բոլոր բնագավառներում միայն կորուստներ է տեսնում.

-Մեկ ձեռքբերում, երևի թե, որ որոշ քաղաքական ուժեր քաղաքապետի ընտրություններում տեսան, որ իշխանական լծակներ եթե չեն օգտագործում, նրանք սահմանված տոկոսային նորմը չեն ապահովում։ Խոսքը խորհրդարանական երկու քաղաքական ուժի մասին է, որոնք, փաստորեն, դուրս մնացին քաղաքապետարանի ավագանու կազմից։ Սա, երևի, այսպես հումորով՝ ձեռքբերում։ Իսկ բացթողումները զգալի են՝ սկսած տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակից, արտաքին քաղաքականություն և այլն։ Այնպես որ, ցավալի է, բայց շատ լուրջ նահանջի տարի էր մեր երկրի համար, և ցավոք՝ նաև այս ամբողջ գործընթացը ժողովրդի մոտ ստեղծում է հուսալքության խորացում։ Պատահական չէ, որ շատ-շատ երիտասարդներ, նաև իմ շրջապատից, հարազատներից և հարևաններից, ավելի են տրամադրված երկրից դուրս գալու։ Եթե փոքր ուսումնասիրություն կարտարեք, թե ինչքան երիտասարդներ են ձգտում պարապել օտար լեզուներ, և դրա հիմնական պատճառն այն է, որ կարողանան դրսում իրենց գոյությունը պաշտպանել, պարզ կլինի, թե ինչ է կատարվում մեր հասարակության և երկրի հետ։

Ինչ վերաբերում է հենց Հայ ազգային կոնգրեսի ձեռքբերումներին և կորուստներին, ՀԺԿ ներկայացուցիչն ասել է.

-Հայ ազգային կոնգրեսի գոյությունը հենց այս ամբողջ երեք տարիների ընթացքում, որ ինքը կա և շարունակում է իր գործունեությունը, կարելի է  համարել ձեռքբերում, որովհետև բազմաշերտ քաղաքական ուժերից կազմված կառույց է, որը, կարելի է ասել, հիմնական կազմով շարունակում է իր պայքարը։ Սա դրական պետք է բնութագրել։ Իսկ բացթողում... եթե մենք մեր կարգախոսը՝  երկրում սահմանադրական կարգի վերակագնում, չկարողացանք իրականություն դարձնել անցած տարում, դա արդեն ցավալի է, բայց նաև հաշվի առնելով և՛ մարտի 1-ը, և՛ այսօրվա իշխանության որակները՝ երևի թե այլ ճանապարհ չկար, և գուցե թե այդպես էլ պետք է ընթանար։ Բայց ամեն դեպքում՝ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է պայքարը։ Իհարկե, նաև մենք ենք որոշ բացթողումներ ունեցել, և դա բնական է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը