Լրահոս

02.11.2010 13:49


Գալուստ Սահակյան. «Մենք մեր երգն արդեն երգել ենք»

Գալուստ Սահակյան. «Մենք մեր երգն արդեն երգել ենք»

Գալուստ Սահակյանի կարծիքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԱԺ-ում կարող են լինել այն ուժերը, որոնք այսօր տրամաբանորեն քաղաքական դաշտում ակտիվ են։ Իսկ ակտիվ են, ըստ Գ. Սահակյանի, հիմնականում խորհրդարանական ուժերը, և դեռևս հնարավորություն կարող է ունենալ նաև ՀԱԿ-ը, եթե լավ աշխատի։

«Ի դեմս ՀԱԿ-ի՝ չե՞ք տեսնում ամենաիրական ընդդիմությանը» հարցին ի պատասխան՝ Գ. Սահակյանն ասել է.

-ՀԱԿ-ը... Ինչպես բացատրեմ... Ինքն ընդդիմադիր է, բայց ո՞ւմ է ընդդիմադիր, ինչի՞ համար է ընդդիմադիր, այդ ընդդիմադիր լինելն ինչքանո՞վ առնչություն ունի ժողովրդի հետ, կամ ժողովրդի մեջ կատարած ո՞ր աշխատանքը։ Մեր քաղաքական ուժերի գործառությունը հիմնականում Երևանի սահմաններից դուրս չի գալիս, դրա համար եմ ասում՝ պետք է լավ քարոզչական մեքենա աշխատեցնեն։

Նա նշել է, որ ՀԱԿ-ն ավելի շատ խոչընդոտներից է խոսում, քան ժողովրդին ակտիվացնելուց։ Պահանջարկը, նրա խոսքերով, պետք է առաջ բերվի, և չի կարելի անընդհատ նույն երգը երգել։

-Գոնե մի քանի երգ պետք է ունենալ, տարբեր ժամանակներում փոփոխել։ Անընդհատ նույն երգը, նույն խոսքը։ Կարելի է ցանկացած քայլ, նաև լրագրողները ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն արդեն ակնկալում են, թե ինչ պետք է խոսա կամ ելույթ ունեցողներն ինչ պետք է ասեն,-նշել է Գ. Սահակյանը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՀՀԿ-ն էլ առանձնապես նորություններով հանդես չի գալիս, բանախոսն ասել է, որ իշխանության մեջ գտնվող քաղաքական ուժերը երգելու խնդիր չունեն, և նոր երգեր պետք է հորինի ընդդիմությունը, որ գա իշխանության։

-Մենք մեր երգն արդեն երգել ենք,-ասել է նա և հավելել, որ դա «կարապի երգը» չէ։-Մենք պետք է աշխատենք, մենք երգելու ժամանակ չունենք։

Նրա խոսքերով՝ այն քաղաքական ուժը, որն իշխանություն է, նա ավելի շատ օրվա և առաջիկա հոգսերի տրամաբանությամբ է առաջնորդվում, իսկ նոր եկող ուժը պետք է հեքիաթասաց լինի, երազների մասին խոսի և այլն։

-Իհարկե, մենք էլ ենք ոգևորել ժողովրդին, բայց այդ պոպուլիզմը քաղաքական այդպես էլ չկարողացանք սովորել,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը