Լրահոս

15.11.2016 14:25


Երվանդ Բոզոյան. «Ապագա խորհրդարանն իր կառուցվածքով և կազմով լինելու է ամենախայտառակը Հայաստանի պատմության ընթացքում»

Երվանդ Բոզոյան. «Ապագա խորհրդարանն իր կառուցվածքով և կազմով լինելու է ամենախայտառակը Հայաստանի պատմության ընթացքում»

–Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը պայմանավորված է գալիք ընտրություններով։ Ընդամենը մի քանի ամիս է մնացել, սակայն կարելի է ասել, որ քաղաքական դաշտն այդպես էլ ամբողջովին չի բյուրեղացել,–այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը, հավանաբար, հանդես է գալու դաշինքի տեսքով, սակայն ինչպիսին է լինելու ընդդիմադիր դաշտը՝ մինչև այսօր դեռ անորոշ է, քանի որ գործընթացները ցույց չեն տալիս, թե ինչ բևեռ է ձևավորվելու։

Երվանդ Բոզոյանն այս փաստը գնահատել է մտահոգիչ, քանի որ, նրա կարծիքով, հանրությունն ընտրություններից առաջ կանգնելու է այլընտրանքի բացակայության առջև։

–Անցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող կուսակցությունն ամաչելու է հանդես գալ «Հանրապետական կուսակցություն» բրենդով, և փորձելու է ներկայանալ դաշինքով, ինչը ցույց տվեց նույն Բալասանյան դաշինքի օրինակը՝ անունը կլինի այլ, սակայն Հանրապետական կուսակցությունը, բնականաբար, կլինի այդ դաշինքի առանցքը,–ասել է Երվանդ Բոզոյանը։

Նա նշել է, որ այսօր ՀՀ–ում քաղաքական գործիչների վարկանիշը կտրուկ անկում է ապրել, և հասարակության մոտ «ընդդիմություն» կոչվածը վարկաբեկվել է, կա խոր հիասթափություն դասական իմաստով քաղաքական գործիչների նկատմամբ, որի պատճառով էլ Հայաստանում այսօր չկա այն, որի շուրջ կարող է կոնսոլիդացվել քաղաքական բևեռը, որը կարող է իրեն ներկայացնել որպես այլընտրանքային իշխանություն։

–Այսօրվա Ընտրական օրենսգիրքն այնպիսի բովանդակություն ունի, որ մեծ տեղ է տալիս թաղային հեղինակություններին։ Այդ ներդրված ռեյտինգային ընտրահամակարգը բավականին մեծ դերակատարություն է տալու այն մարդկանց, ովքեր իրենց թաղերում, իրենց մարզերում ունեն մեծ հեղինակություն, բայց որևէ քաղաքական արժեք չեն ներկայացնում։ Նրանք ունեն ռեսուրսներ, փող, որոնք օգտագործելով՝ գնելու են մարդկանց ձայները։ Ապագա խորհրդարանն իր կառուցվածքով և կազմով լինելու է ամենախայտառակը Հայաստանի պատմության ընթացքում՝ զուրկ քաղաքական բովանդակությունից,–պարզաբանել է Երվանդ Բոզոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը