Լրահոս

11.02.2011 16:07


Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը միջամտում է ադրբեջանցի փախստականների միջոցառմանը

Փետրվերի 9-ին Եվրախորհրդարանում կազմակերպվել էր «Մարդու իրավունքներ՝ առանց սահմանների» (Human Rights Without Frontiers) ոչ կառավարական կազմակերպության միջոցառումը՝ ռումինահպատակ հունգար՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Թոքեշի հովանավորությամբ։ Միջոցառման խորագիրն էր՝ «Չլուծված հակամարտության հետեւանքները. Լեռնային Ղարաբաղ»։

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի եւ այլ կազմակերպությունների վճռորոշ միջամտության արդյունքում՝ Լասլո Թոքեշը փոփոխության ենթարկեց միջոցառման հայտագիրը եւ զանց առավ Խոջալուից ենթադրյալ մի փախստականի վկայությունը։

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ, ականատեսների ներկայությամբ, Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները բիրտ ձեւերով առգրավել են հանձնախմբի կողմից սրահի մուտքում տեղադրված լուսաբանող փաստաթղթերը։

Ի զարմանս ներկա ադրբեջանցիների, Եվրախորհրդարանի փոխնախագահ Լ. Թոքեշը նշել է, որ մարդու իրավունքներն ամեն տեղ նույնն են, եւ հիշեցրել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով Եվրախորհրդարանի՝ 2010թ. նոյեմբերի  22-ի լիագումար նիստի հայտարարությունը, որով կոչ ուղղվեց ԵԽ նախագահ Եժի Բուժեքին, որպեսզի նա էլ իր հերթին դիմի Եվրամիության անդամ երկրների խորհրդարաններին՝ Հայոց  ցեղասպանության ճանաչման պահանջով։

«Մարդու իրավունքներ՝ առանց սահմանների» տնօրեն Վիլլի Ֆոթրեյի եւ իրավաբան Սքոթ Քրոսբիի ելույթները, որոնք հարեւանցիորեն անդրադարձան Արցախի հակամարտությանը, եզրափակեցին միջոցառումը՝ առանց հարցուպատասխանի հնարավորություն տալու ներկաներուն։

«1988-ից ի վեր հայկական հողը լքած ադրբեջանցիները նյութական հատուցում են ստացել, սակայն Ադրբեջանը դեռեւս պարտք է մնում Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերը վերապրած հայ փախստականներին,□ ասաց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հիլդա Չոպոյանը։ «Մենք կոչ ենք ուղղում եվրոպահայ կառույցներին, որպեսզի Հայաստանում ու Արցախում ապաստանած փախստականների կյանքի դժվար պայմանների հանդեպ հետարքրքրություն առաջացնեն Եվրոպայի քաղաքական եւ մարդասիրական կառույցներում»։

Հանձնախումբը նշում է, որ ադրբեջանցի փախստականների առկայությունը երկար տարիներ շահարկվում է Ադրբեջանի կողմից։ «Հայ փախստականները  պետք է նաեւ վայելեն Եվրամիության պաշտպանությունն ու օգնությունը։ Մենք Եվրամիության Հարավային Կովկասում հատուկ նեկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի ուշադրությանը հանձնեցինք Եվրոպայի պատասխանատվությունը այս հարցում»- եզրափակեց Հիլդա Չոպոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը