Խմբագրական

24.12.2009 18:41


Հայաստանի տնտեսությունը միֆերի և իրականության արանքում

Հայաստանի տնտեսությունը միֆերի և իրականության արանքում

Միջազգային տնտեսական  ճգնաժամը չշրջանցեց նաև Հայաստանը, չնայած վարչապետի և «միջազգային կենտրոնների» մյուս սիրահարների այն հավաստիացումներին, թե մեզ ոչինչ չի սպառնում։  

Մեզանում, փաստորեն, տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի նոր՝ «ազգային-ազատագրական-ավանդական»  ձև էին գտել։ Ասում էին՝ ճգնաժամի մասին եթե չխոսենք, ապա այն կշրջանցի մեզ։ Այսինքն, ժողովրդական լեզվով ասած, կառավարությունն առաջնորդվում էր «սատանի ականջը խուլ» մոդելով։ Համաշխարհային տնտեսագիտական միտքը նման մոդելների ծանոթ չէ, բայց այդպիսի բլեֆով հայ ժողովրդին մի քանի ամիս «կերակրեցին»։ Դա տարվա սկզբին էր, երբ դեռ տիգրանսարգսյանական քարոզչական զինանոցում առաջատար դիրքեր էին զբաղեցնում Դիլիջանի, Ջերմուկի, Գյումրիի և Հայաստանի այլ քաղաքների զարգացման նյուվասյուկիական սցենարները, որոնցով «սպառնում» էին նշյալ քաղաքները միջազգային կենտրոնների վերածել։  

Բայց կյանքն ամեն ինչ դրեց իր տեղը, և բոլորն իջան երկնքից։ Հետզհետե իշխանությունների քարոզչական էնտուզիազմը մարեց։ Եթե նախկինում հավաստիացնում էին, թե ճգնաժամը Հայաստանի տեղը չի գտնի, կգա, կմոլորվի ու կհեռանա, ապա հետագայում միջազգային ճգնաժամը պարզապես փրկօղակի վերածվեց մեր «վունդերկինդների» համար։ Ներքին տնտեսական քաղաքականության սեփական ձախողումներն արդեն «դուրս էին գրվում» միջազգային տնտեսական ճգնաժամի վրա։ Կարելի է ասել, որ եթե այդ ճգնաժամը չլիներ, ապա այն պետք էր հորինել։ Բա ուրիշ ինչո՞վ Սերժ Սարգսյանի իշխանությունը «հիմնավորեր» ՀՀ տնտեսության գահավիժումը, որն առավելապես ներքի՛ն պատճառներ ունի, քան արտաքին։

Իսկ որ ՀՀ տնտեսությունը սրընթաց անկում է ապրում, վկայում է նույնիսկ «վիրտուոզ» թվանկարչի (ԿԸՀ-ից հետո, իհարկե) ամենակարող համբավ ունեցող վիճակագրական ծառայությունը։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների՝ ՀՀ ՀՆԱ-ն, այս տարվա 11 ամիսների տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16 տոկոսով։ Նախորդ ամսվա նկատմամբ ՀՆԱ դինամիկան բացասական է' 6,6 տոկոս։ Բացառությամբ մանրածախ առևտրի, որտեղ աճը կազմել է 0,5 տոկոս՝ անկում է գրանցվել տնտեսության մյուս բոլոր ոլորտներում։ Արտաքին առևտրաշրջանառությունը պակասել է 28,5 տոկոսով՝ կազմելով 3570,8 մլն դոլար։ Ներմուծումը գերազանցում է արտահանմանն ավելի քան 4,6 անգամ։ Պաշտոնապես գրանցված գործազրկության աճի տեմպը կազմել է 11,6%:

Սրանք թվեր են, որոնց հետևում կոնկրետ ճակատագրեր և գործընթացներ կան՝ գործազրկության աճի, գնողունակության անկման, կրճատված ներդրումների, սոցիալական լարվածության և այլնի տեսքով։

Այս ամենի ֆոնին իշխանություններն արդեն «մոռացել» են, որ 2009-ի համար խոստացել էին ապահովել 9,2 տոկոս տնտեսական աճ և  բյուջեի 3 մլրդ դոլարից ավելի ծախսային մաս, բայց հիմա տարին փակելու ենք երկնիշ անկմամբ և բյուջեի սեկվեստրով, քանի որ ի սկզբանե անիրատեսական և բիզնեսը ոչնչացնող ծրագրեր էին մշակվել։

Իշխանությունները «մոռացել» են նաև քարոզչական լոզունգի վերածված «երկրորդ սերնդի բարեփոխումների» մասին։ Այդ «բարեփոխումների» իրական նպատակն, իհարկե, «Մեկ մարդու տնտեսություն» կառուցելն էր, ինչը փորձ է արվում թաքցնել դեմագոգիկ հռետորաբանության տակ։ Եվ երբ մատնանշվում են իշխանության խայտառակ ձախողումները տնտեսության մեջ (արտաքին և ներքաղաքական ոլորտում էլ վիճակը նույնն է, եթե ոչ ավելի վատ), մեզ ասում են, թե «Չսխալվելու երաշխիքն ու հոմանիշը դեռ երեկ ոչինչ չանելն էր: Այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն: Ուրեմն մենք պետք է քայլեր անենք՝ սխալվելու վտանգն աչքի առաջ ունենալով: Համոզված եղեք՝  մեր ժողովուրդը կների՛ սխալները, չի՛ ների անգործությունը: Սխալներից հեռու մնալու դեղատոմս չկա: Բայց կան սխալվելուց խուսափելու հնարավորություններ: Առաջինն, անշուշտ, ճկունությունն է որոշումներ կայացնելիս ու դրանք փոխելիս»: Ներկայացվածը Սերժ Սարգսյանի կառավարման բանաձևն է, որը նա հնչեցրեց ՀՀԿ «պատմական» համագումարի ժամանակ։ Լա՛վ է, էլի։ Շատ հանճարեղ բանաձև է։ Պատկերացնո՞ւմ եք՝ հիվանդին բժիշկը վիրահատի, և սխալ վիրահատության պատճառով  նույն այդ հիվանդը մահանա, կամ լավագույն դեպքում վիճակն ավելի վատանա, ու երբ պատասխան պահանջեն «բժշկից», նա արդարանա, թե չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։

Նկատենք, որ սխալվել էլ կա, սխալվել էլ։ Այսպիսի մտածելակերպով կարելի է անգամ երկիրը տանել փորձությունների ու կործանման, իսկ հետո ասել, որ մեր ժողովուրդը կների՛ սխալները, չի՛ ների անգործությունը։ Ո՞վ է ասել։ Հարցրե՞լ եք ժողովրդից։ Ադիբեկյա՞նն է իրականացրել այդ հարցումները, թե՞ Գելափը։

Փաստորեն, այս իշխանության պատկերացրածով, կառավարչական  ցանկացած քայլ պետք է սխալներով լեցուն լինի, քանի որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում. «երկաթյա տրամաբանություն»։

Ի դեպ, այդ «տրամաբանությունը» կառավարման համընդհանուր սկզբունք է դարձել։ Օրինակ՝ Տիգրան Սարգսյանի անբավարար աշխատանքը ոչ թե քննադատության ենթարկվեց, այլ նրան ավելի «առաջ» տարան՝ «ցեղակրոնացնելով»  նախկին ԱԺՄ-ականին ու ապահովագրելով Սերժ Սարգսյանի «բութ» գործիքի ու համախոհի զբաղեցրած աթոռը։ Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանին  վերապահված է տնտեսական դաշտը գերկենտրոնացնելու օրենսդրական ձևակերպումները տալու և դրա PR–ն ապահովելու կեղտոտ գործը։ Երբ վարչապետը ֆիասկոներ արձանագրեց՝ նրան անմիջապես հանրապետական դարձրեցին։ Այլ կերպ ասած՝ իշխանության հակադարձումը «Չեմբեռլենին» հետևյալն էր՝  այո՛, վարչապետի գլխավորած կառավարությունը վատ արդյունքներ է ապահովել. բոլորը տեսնում են դա, բայց կարող էր ավելի վատ լինել, համ էլ  չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Մենք ասում ենք՝ ձախողվել է Տ. Սարգսյանը, իսկ մեզ պատասխանում են՝ հետո՞ ինչ. նա արդեն ՀՀԿ-ից է և վերջ։ 

Հիշեցնեմ, որ բոլշևիկների օրոք քաղաքականությունն իրականացվում և կադրային առաջխաղացման սկզբունք էր ընդունվում «Сукин сын, но наш сукин сын» տարբերակը։  Հետանկախական շրջանում այդ սկզբունքին փոխարինելու եկավ «Թող «պոլի փեդ» լինի, բայց ՀՀՇ-ից լինի» նեոբոլշևիկյան մոտեցումը։ Այժմ «հատակի փայտիկի» հովանավորը դարձել է ՀՀԿ-ն։ Ուրիշ բան չի փոխվել։ Դուրս է գալիս, որ ինչ ուզում ես՝ արա, եթե իշխող թիմից ես, ապա կարող ես անգամ «պտտվել» իշխող կուսակցության «պտտաձողի» շուրջը. մեր ժողովուրդը ներողամիտ է, իսկ հայոց լեզուն՝ ճկուն և բարբարոս։ Ինչևէ։

Գործադիրի քայլերը ողջ տարվա ընթացքում տեղավորվում էին դրսից վարկ բերելու շրջանակներում։ Սա՛ էր միակ հակաճգնաժամային միջոցառումը։ Այսինքն, ստացվում է՝ ով ասես կարող է տնտեսություն կառավարել։ Եթե հույսը դրվում է միայն դրսից փող բերելու վրա, ապա դրա համար գիտելիք ու կառավարման հմտություն առանձնապես չի պահանջվում։ Դրա համար բավարար կարող է լինել «տերտերական» առոգանությունն ու կուսակցական կրծքանշանը, որի պակաս չի զգացվում մեր օրերում։

Հետաքրքրական է, որ 2010-ի բյուջեն ներկայացնելիս ու հակաճգնաժամային քայլերի մասին խոսելիս՝ կառավարության հիմնական հույսը կրկին արտաքին՝ իրենցից չկախված և իրենցից մեծ աշխատանք չպահանջող գործոններն են։

Իշխանության հաշվարկն ու ցանկությունն այն է, որ դրսում (հատկապես Ռուսաստանում, որտեղից հիմնականում ուղարկվում են մասնավոր տրանսվերտները) ճգնաժամը շուտ հաղթահարվի, և մեր հայրենակիցները կարողանան շատ գումարներ ուղարկել իրենց հարազատներին, ինչը մեզ մոտ կբերի վճարունակ պահանջարկի աճին, և վիճակը հարաբերականորեն կշտկվի։ Հաջորդ «հակաճգնաժամային քայլն» այն է, որ աշխարհում պղնձի ու մոլիբդենի գներն աճեն, և մենք կարողանանք այդ մասով արտահանման աճ ունենալ, և երկիր գումարներ մտնեն։ Եվ մյուս մոտեցումը, որը ցուցաբերելու են իշխանությունները, դրսից վարկ վերցնելն է լինելու։  

Համաձայնե՛ք, որ նշված կետերի պարագայում համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Լենինի տեսությունը ճիշտ է դուրս գալիս այն մասով, որ յուրաքանչյուր խոհարարուհի կարող է երկիր ղեկավարել։   Մերոնք էլ պակաս «խոհարար» չեն, պարզապես ֆորմալ առումով բոլշևիկյան կուսակցությունը չեն ներկայացնում։ Այժմյան կոմկուսը ՀՀԿ է կոչվում։

Անդրանիկ Թևանյան

Հոդվածի նախնական  տարբերակը տպագրվել է

«Անալիտիկոն» ամսագրում

Այս խորագրի վերջին նյութերը