Լրահոս

03.11.2010 10:21


Մանկապարտեզն ունի ջեռուցման և լիարժեք սննդի խնդիր

Օրերս Սյունիքի մարզ կատարած այցելության ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ներկայացուցիչներն այցելել են Գորիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզ: Հիմնական խնդիրն այն է, որ մանկապարտեզը 1990 թվականից առ այսօր հիմնովին չի վերանորոգվել: Հատկացված միջոցները չեն բավականացնում երեխաների զբաղմունքն ու նորմալ կրթությունն ապահովելու համար խաղալիքներ գնելուն: Նույնիսկ անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերում իրենց միջոցներով: Համայնքի բյուջեից տրամադրվող գումարը նախատեսվում է շենքի պահպանման ծախսերի և աշխատողների աշխատավարձերի վճարման համար: Սնունդը հատկացվում է երեխաների համար ծնողների կողմից ամսական վճարվող 4000 դրամով (մեկ երեխայի համար), որն օրական կազմում է 170-190 դրամ՝ երեքանգամյա սննդի համար: Ըստ իրենց հաշվարկի՝ երեխայի նորմալ և առողջ զարգացման համար մեկ երեխայի սննդի արժեքը օրական կազմում է 400 դրամ՝ ըստ հաստատված նորմաների: Իրենք չեն կարող ծնողներից ավել գումար պահանջել աշխատանքի բացակայության և մեծ մասի՝ սոցիալապես անապահով լինելու պատճառով:

Մեկ այլ խնդիր է մանկապարտեզի ջեռուցումը: Համայնքի կողմից ջեռուցման համար տրամադրվող գումարը բավականացնում է մանկապարտեզը հիմնականում ձմռան ամիսներին ջեռուցելուն: Այցելության պահին ննջասենյակներից մեկում տեղադրված ջերմաչափը ցույց է տվել 14 աստիճան տաքություն: Ըստ տնօրենի՝ մանկապարտեզի ջեռուցումը նախատեսվածից շուտ սկսելու համար, պետք է իրենց միջոցներով հոգան վառելիքի ծախսը։

Շենքում կատարված շրջայցից պարզվել է, որ սանհանգույցներն ու խոհանոցը հիմնովին վերանորոգման կարիք ունեն:

Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները 27.10.2010թ. հանդիպել են Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարյանի հետ, քննարկել մարզում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Այս խորագրի վերջին նյութերը