Լրահոս

22.11.2016 12:35


«Շանհայի հնգյակին» միանալու համար Թուրքիան նախ պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից

«Շանհայի հնգյակին» միանալու համար Թուրքիան նախ պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) համահիմնադիր գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը մեկնաբանել է Թուրքիայի՝ «Շանհայի հնգյակին» միանալու ցանկությունը։ Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը։

«Sputnik»-ի հետ զրույցում Իվաշովը, մասնավորպես, ասել է. «Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի այս հայտարարությունը և Անկարայի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ձգտումը ճիշտ որոշում է: ՇՀԿ-ն փայլուն և ընդարձակ հեռանկարներ ունի: Տնտեսության և անվտանգության տեսակետից ևս կազմակերպությունը փայլուն ապագա ունի: Տնտեսության և անվտանգության տեսակետից Թուրքիայի անդամակցությունը ՇՀԿ-ին շատ կարևոր է»:

ՇՀԿ-ի համահիմնադիրը հիշեցրել է Հնդկաստանի և Պակիստանի օրինակը, որոնք միաժամանակ անդամակցել են ՇՀԿ-ին, ինչի արդյունքում երկու երկրների միջև նվազել է ռազմական լարվածությունը:

«Սակայն այսպիսի խնդիր կա. ՆԱՏՕ-ի նման ագրեսիվ ռազմական դաշինքի անդամի համար ՇՀԿ անդամակցություն նախատեսված չէ: Համենայնդեպս, այս պահին դա այդպես է: ՆԱՏՕ-ն, մասնավորապես, ոչնչացրել է անկախության համար պայքարող որոշ պետությունների: Հետևաբար, այս գործընթացը՝ Թուրքիայի հավանական անդամակցությունը ՇՀԿ-ին, պետք է երկկողմանի լինի: Մի կողմից Թուրքիան պետք է զբաղվի անդամակցության գործընթացով, մյուս կողմից սկսի ՆԱՏՕ-ից հեռանալու գործընթացը»,-հավելել է Իվաշովը:

Նա հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ն համարել է հնացած կառույց՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ոչ միայն գումար ստանան, այլև որոշակի գումար վճարեն ԱՄՆ-ին՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար:

Հիշեցնենք՝ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չպետք է դիտարկի միայն Եվրամիությանն անդամակցելու հարցը, և իրենք քննարկում են նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու հնարավորությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը