Լրահոս

24.12.2009 18:42


Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Շուրջ երկու տարի է, ինչ նախագահական ընտրությունների անվան տակ,՝ հերթական  անգամ իշխանությունը խլվեց ժողովրդից: Իշխանության վերարտադրման բիրտ ու բռնի, անօրինական մեթոդների դեմ ըմբոստացած հայ ժողովրդի առավել ակտիվ մի զգալի հատված 2008թ-ի մարտի 1-ին ենթարկվեց աննախադեպ բռնությունների՝ ջարդերի ու գնդակահարության, առնվազն տաս մարդ սպանվեց, 300-ից ավելի վիրավորվեցին , 150-ը տարատեսակ շինծու մեղադրանքներով հայտնվեցին զնդաններում։ Նրանց մեծ մասն ազատ արձակվեցին Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդությամբ մեր ժողովրդի  պայքարի, անկոտրում կամքի, վճռականության շնորհիվ: Տասնհինգ քաղբանտարկյալներ դեռ անազատության մեջ են: Վերոհիշյալ իրողությունները մեծապես նպաստեցին ներքաղաքական իրավիճակի նոր լարմանը, աննախադեպ սոցիալ-տնտեսական անկմանը, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին, ժողովրդավարության սկզբունքներից վերջնականապես հրաժարվելուն: Իսկ դրա հետեւանքով ընկել է մեր պետության վարկանիշը, թուլացել է մեր արտաքին քաղաքական դիրքերը, օրըստօրե մեծանում են արտաքին ճնշումները մեր երկրի  վրա:

Նկատի ունենալով ներքաղաքական շիկացած մթնոլորտը, Հայաստանի Հանրապետությանն ու մեր ժողովրդի անվտանգությանն սպառնացող արտաքին մարտահրավերները, Լեռնային  Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ծավալվող վտանգավոր զարգացւմներն ու Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարությունները, առաջնորդվելով պետության ու ժողովրդի անվտանգության շահերով, Հայ Ազգային Կոնգրեսին անդամակցած ազատամարտիկներս և մեր համախոհ ու գաղափարակիր ընկերները մտահոգ ենք մեր քաղբանտարկյալ ընկերների, երկրի ու ժողովրդի ճակատագրով:

Դուք,  2008 թվականից ըստ  էության հանդիսանում  եք այս իրավիճակի թիվ  մեկ  պատասխանատուն,  ուստի և կոչ ենք անում Ձեզ խոհեմության և զգոնության,  անհապաղ ազատ արձակելու բոլոր քաղբանտարկյալներին՝ մանավանդ հաշվի առնել նրանց ներդրումը մեր պետականության  կայացման գործում, ովքեր իրենց կյանքն ու արյունը չեն խնայել ՀՀ սահմանների պաշտպանության, Արցախի ազատագրման ու անկախության համար:

Պահանջելով բոլոր քաղբանտարկյալների ազատումը՝ հարկ ենք համարում առանձնակի շեշտել ազատամարտիկներ Սասուն Միքաելյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Ժորա և Մկրտիչ Սափեյանների, Հարություն ՈՒռությանի և Սարգիս Հացպանյանի անուրանալի դերը Արցախյան ազատամարտի  ընթացքում, անհատականություններ՝ որոնց համար գերակա շահ են  համարվել երկրի ու պետության անվտանգության ամրապնդումն ու ազատագրված Արցախի անկախությունը:

Քանի դեռ մեր երկրում չի գործում Սահմանադրությունը, չեն հարգվում մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, քանի դեռ չի վերացվել օլիգարխիկ կրիմինալ համակարգը և չի վերականգնվել սահմանադրական կարգը, քանի դեռ օրինական՝ ընտրությունների միջոցով չի ձևավորվել ժողովրդի իրական վստահությունը վայելող օրինական իշխանություն, Հայաստանը չի կարող դիմակայել արտաքին ճնշումներին ու մարտահրավերներին:     Չպետք է մոռանալ, որ պատերազմը դեռևս ավարտված չէ , այլ ժամանակավոր զինադադար է՝ հղի է ցանկաված պահի պատերազմի վերսկսման վտանգով: Ուստի Սասուն Միքայելյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Ժորա ու Մկրտիչ Սափեյանների , Հարություն Ուռությանի, Սարգիս հացպանյանի ու էլի  բազում անուններ դեռևս շատ են պետք մեր երկրին ու ժողովրդին: Ազատամարտիկներին, օրինականության ու արդարության համար պայքարողներին բանտերում պահելով՝ դուք ողջ ժողովրդի մեջ կոտրում եք ազատության ու արդարության ոգին՝ դրանով իսկ անպաշտպան դարձնելով ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանը։

Պարոն  Սերժ Սարգսյան, սթափվե՛ք, հանուն մեր երկրի ու ժողովրդի անվտանգության, հանուն մեր երեխաների ու պետության ապահով ապագայի, գեթ մեկ անգամ ապացուցեք, որ ընդունակ եք հարգել երկրի օրենքները, մարդու իրավունքներն ու ազատությունները, որ ձեր գործը կարող է եւ համապատասխանել համագումարներում արտասանած ճառերին, որ այդ ամենը սոսկ ճամարտակություն չէ: Մի մոռացեք հանրահայտ ճշմարտությունը. «Կարելի է մի որոշ ժամանակ խաբել ժողովրդին, կարելի է մի ամբողջ ժամանակ խաբել ժողովրդի մի մասին, բայց անկարելի է ամբողջ ժամանակ խաբել ողջ ժողովրդին»:

Հայ   Ազգային  Կոնգրեսին   անդամակցած    

Շիրակի   մարզի    ազատամարտիկներ

Այս խորագրի վերջին նյութերը