Լրահոս

24.12.2009 19:10


Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի հիմնադիր հայտարարությունը

Ջավախքահայությունն ամեն օր վրացական իշխանությունների կողմից ենթարկվում է քաղաքական, լեզվական, մշակութային, կրթական,  կրոնական եւ սոցիալ-տնտեսական հողի վրա խտրական վերաբերմունքի.

Այսպես՝

- Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում տեղական ինքնակառավարման մարմինները փաստացի զրկված են օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացումից:

- Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հայության ներքին հանրային-քաղաքական և վարչական կյանքը կառավարվում եւ ուղղորդվում է Վրաստանի ուժային կառույցների եւ հատուկ ծառայությունների կողմից:

-Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում օրենքով ամրագրված է վրացերենի պարտադիր կիրառումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում (ինքնակառավարման մարմիններ, գործավարություն, վարչարարություն, կրթական համակարգ եւ այլն):

-Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում վարչական, կրթական եւ այլ պետական մարմիններում պաշտոնների նշանակումը փոխկապակցված է վրացերենի իմացությանը, որին ջավախքահայության գերակշիռ մեծամասնությունը օբյեկտիվ պատճառներով լավ չի տիրապետում:

-Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի իրավական կարգավիճակ: Խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված հայկական կրոնական շինությունները դեռեւս չեն վերադարձվել իր օրինական տիրոջը: Այս խնդրի լուծումը հետաձգելու վրացական իշխանությունների հետեւողական քաղաքականության արդյունքում Վրաստանում հետզհետե վերանում է հայկական պատմամշակութային ժառանգությունը:

-Վրացական իշխանությունները հետեւողականորեն իրականացնում են հայկական  բնակավայրերի և տեղանունների անվանափոխում:

-Հայ-վրացական պետական սահմանի անցակետերում վրաց սահմանապահների կողմից արհեստական խոչընդոտներ են հարուցվում հայալեզու մամուլ եւ գրականություն, անգամ կենցաղային իրեր փոխադրելուն:

- 2007-09 թվականների ընթացքում ուժային կառույցների ուղղակի եւ անուղղակի ճնշումների հետեւանքով իրենց հայրենիքն են լքել մի շարք ջավախքահայ ազգային-հասարակական ակտիվիստներ: Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համար պայքարող գործիչներից շատերի նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցվել: 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալվել է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, որը շինծու մեղադրանքներով եւ խայտառակ օրինախախտումներով ուղեկցված դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

-Արգելվում է ջավախքահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ գործիչների մուտքը Վրաստան: 

Ջավախքահայության առջեւ ծառացած խնդիրները, մեծամասամբ վրացական իշխանությունների կողմից երկրի հայ փոքրամասնության նկատմամբ հետեւողականորեն իրականացվող խտրական քաղաքականության արդյունք են:

Ջավախքահայության խնդիրներին լուծում տալը ուղղակիորեն բխում է Վրաստանի կողմից մարդու եւ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններից, ինչից ելնելով եվրոպական եւ միջազգային տարբեր հեղինակավոր կառույցներ իրենց ընդունած փաստաթղթերում եւ հանձնարարականներում կոչ են անում վրացական իշխանություններին քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ: 

Արդ' ջավախքահայության առջեւ ծառացած խնդիրները կարիք ունեն դրանց լուծմանն ուղղված հետեւողական եւ համակարգված աշխատանքի:

Հաշվի առնելով վերոնշյալը, մենք՝ «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայրենադարձության եւ հիմնավորման ,Երկիրե ՀԿ Միությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը, «Վիրք» կուսակցությունը, «Ջավախք» ժողովրդական շարժումը, ազդարարում ենք Ջավախքահայության Իրավունքների Պաշտպանության Համակարգող Խորհրդի ստեղծման մասին,

Ջավախքահայության Իրավունքների Պաշտպանության Համակարգող Խորհրդի հիմնական նպատակներն են.

-Հետեւողականորեն հետապնդել ջավախքահայության առջեւ ծառացած քաղաքական, լեզվական, կրոնական, կրթական, մշակութային եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը:

-Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել ջավախքահայության եւ վրացահայության իրավունքների պաշտպանության խնդիրը:

-Համայն հայությանը մասնակից դարձնել ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարին:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը վրացական իշխանություններին կոչ է անում երկխոսության եւ հանդուրժողականության մթնոլորտում լուծում տալ ջավախքահայությանը հուզող խնդիրներին, եւ մասնավորապես՝

-Չխոչընդոտել հայերով համախումբ բնակության տարածաշրջանների տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացմանը և ջավախքահայությանը տրամադրել ինքնակառավարման ավելի բարձր մակարդակ:

-Դադարեցնել ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ ծայր առած ոստիկանական հալածանքները եւ քաղաքական հետապնդումները:

-Կասեցնել ջավախքահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ ընդունված բոլոր ապօրինի դատական վճիռները:

-Վերացնել հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հանրային կյանքի բոլոր ոլորտներում հայերեն լեզվի օգտագործման նկատմամբ դրված արգելքը: Հայերենին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ:

-Չխոչընդոտել Ջավախքում հայ-վրացական պետական ԲՈՒՀ-ի հիմնադրմանը:

-Վրաստանում համապատասխան իրավական կարգավիճակ տալ Հայ Առաքելական Եկեղեցուն եւ վերադարձնել խորհրդային տարիներին բռնագրավված բոլոր հայկական տաճարները:

-Դադարեցնել հայերի համախումբ բնակության շրջաններում ժողովրդագրական կազմի արհեստական փոփոխմանն ուղղված բոլոր գործողությունները:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ակտիվացնել ջավախքահայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը հետեւողականորեն պայքարելու է ջավախահայության արդար և օրինական իրավունքների իրացման համար:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը բաց է բոլոր հասարակական, քաղաքական կազմակերպությունների և անհատների առջև, որոնք պատրաստ են պայքարել վերոնշյալ խնդիրների լուծման համար:

Ախալքալաք-Երեւան

Այս խորագրի վերջին նյութերը