Լրահոս

03.11.2010 14:10


«Տաթևի թևեր» ճոպանուղին անցնում է ձմեռային ռեժիմի

Հաշվի առնելով եղանակային փոփոխությունները' շվեդ-ավստրիական Garaventa Doppelmayer Group ընկերության աշխատակիցները, որ ներկայումս «Տաթևի թևեր» ճոպանուղու վրա են աշխատում, հայտարարել են ճոպանուղու աշխատանքների քառօրյա դադարի մասին:

«Ճոպանուղին չի գործելու մինչև շաբաթ, ինչը պայմանավորված է դրա ձմեռային ռեժիմին անցնելու անհրաժեշտությամբ: Այս աշխատանքներն իրականացվում են' համաձայն ժամանակացույցի: Ընդհանուր առմամբ սարքավորումները գտնվում են աշխատանքային վիճակում, և նշված աշխատանքներն անհրաժեշտ է կատարել տարեկան երկու անգամ' ձմեռային և ամառային աշխատանքային ռեժիմներին անցնելու դեպքում»,-հայտնել է «Տաթևի թևեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը:

Նշենք, որ «Տաթևի թևեր» ճոպանուղին պաշտոնապես գործարկվել է հոկտմբերի 16-ին: Այն ձգվում է Որոտանի կիրճի վրայով 5.7 կմ: Օդային անցուղին կամրջում է Սյունիքի մարզի Հալիձոր և Տաթև գյուղերը, ուղևորության տևողությունը մոտ 11 րոպե է: Հոկտմեբերի 23-ին ճոպանուղին պաշտոնապես ստացավ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքից հավաստագիր, որ այն ամենաերկար հետադարձելի ուղևորատար ճոպանուղին է աշխարհում:

Այս խորագրի վերջին նյութերը