Լրահոս

03.11.2010 15:07


«Ժառանգությունը» դիմել է ՀՀ նախագահին

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից գրավոր նամակով դիմել է ՀՀ Նախագահին, որով առաջարկվում է հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի կողմից ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը ետ վերադարձնել Ազգային ժողով'  օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխության վերաբերյալ առարկությամբ ու այն նախկին խմբագրմանը վերադարձնելու առաջարկությամբ:

Հոկտեմբերի 27-ին ընդունված փոփոխության համաձայն' վարձու աշխատողին այլեւս հղիության եւ ծննդաբերության նպաստ կտրամադրվի միայն հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար: Մինչդեռ գործող դրույթի համաձայն' այն տրամադրվել եւ տրամադրվում է 140 օր տեւողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար: Խմբակցության գնահատմամբ'  նմանօրինակ փոփոխությունը, անկասկած, իր բացասական հետեւանքներն է ունենալու ծնելիության մակարդակի վրա, այն էլ արտագաղթի չնվազող միտումների խորապատկերին, քանի որ  նոր հաշվարկի կիրառման դեպքում' զգալիորեն պակասելու է հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը:

ՀՀ նախագահին ուղղված «Ժառանգության» նամակում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2010թ. հոկտեմբերի 27-ին երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»  ՀՀ օրենքի  11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' «վարձու աշխատողին հղիության եւ ծննդաբերության նպաստ տրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված' հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի համար»։ Մինչդեռ «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» գործող օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն' ՙվարձու աշխատողին հղիության եւ ծննդաբերության նպաստ տրվում է 140 օր տեւողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար»։

Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքով սահմանված նոր հաշվարկի կիրառման դեպքում հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը զգալիորեն պակաս կլինի գործող օրենքով հաշվարկվող չափից: Նման քաղաքականությունը, անկասկած, իր բացասական հետեւանքները կունենա ծնելիության մակարդակի վրա, այն էլ արտագաղթի չնվազող միտումների խորապատկերին: Փաստացի, ծնելիության աճի համար խթանիչներ սահմանելու եւ ապահովելու փոխարեն տեղի է ունենում հակառակը' վատթարացվում է ապագա մայրերի սոցիալական վիճակը: 

Չնայած օրինագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության բազմաթիվ հորդորներին' նախագծում բացառել խնդրի այդպիսի լուծումը, Կառավարությունը մնաց անդրդվելի: Սույն խնդրով ԶԼՄ-ներում իրենց բողոքն են հայտնել նաեւ շուրջ 12 հասարակական կազմակերպություններ, որոնց կարծիքը նույնպես որեւէ կերպ չազդեց Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության վրա:   

Ողջ խմբակցության եւ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ու շրջանակների անունից դիմում եմ  Ձեզ' չստորագրել ու չհրապարակել ԱԺ կողմից ընդունված եւ Ձեզ ուղարկված օրենքը, այլ, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետով, խնդրո առնչությամբ առարկություններով եւ օրենքի համապատասխան դրույթը նախկին խմբագրութամբ թողնելու առաջարկությամբ վերադարձնել Ազգային ժողով' պահանջելով նոր քննարկում»։

Այս խորագրի վերջին նյութերը