Լրահոս

03.11.2010 16:01


Հանձնաժողովը կուսումնասիրի պանրի գնի բարձրացման պատճառները

ՀՀ ՏՄՊՊՀ այսօր գումարված նիստում Հանձնաժողովն ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաեւ պանրի շուկայում ստեղծված իրավիճակին:

Պանրի գների բարձրացման մասին մամուլի հրապարակումներից եւ Հանձնաժողովի պարբերական մոնիթորինգի արձանագրած գների աճից անմիջապես հետո' հոկտեմբերի 22-ին  Հանձնաժողով էին հրավիրվել պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ:

Նրանք պարզաբանել էին, որ պանրի թանկացումը պայմանավորված չէ մրցակցությանն առնչվող խնդիրներով, այլ հետեւանք է մթերվող կաթի գնի բարձրացման: Տնտեսվարողների այս պարզաբանումը նույն օրը  Հանձնաժողովը նույնությամբ տրամադրել էր մամուլին եւ հասարակությանը:

Նշենք նաեւ, որ այս շուկան խիստ ցածր կենտրոնացվածություն ունի, չկան խոշոր տնտեսվարող սուբյեկտներ: Ըստ ՊԵԿ-ի տվյալների, շուկայում գործում է 78 գրանցված սուբյեկտ' չհաշված պանիր արտադրող բազմաթիվ գյուղացիական տնտեսությունները:

Բայց հաշվի առնելով, որ պանրի գնի բարձրացումը մեծ սոցիալական արձագանք է ստացել, եւ մամուլում թանկացման վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշվում, Հանձնաժողովը որոշեց սեփական ուսումնասիրությունն իրականացնել' պանրի գնի բարձրացման պատճառները բացահայտելու նպատակով:

Միաժամանակ, Հանձնաժողովը խնդրում է մամուլում հանդես եկող բոլոր այն տնտեսագետներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին, որոնք պանրի գնի բարձրացումը մեկնաբանում են մրցակցության ոլորտին առնչվող խնդիրներով, աջակցել Հանձնաժողովի ուսումնասիրությանը' ներկայացնելով խնդրին առչվող կոնկրետ փաստեր եւ հանգամանքներ:

Ուսումնասիրության ավարտին արդյունքները կներկայացվեն հանրությանը:

Այս խորագրի վերջին նյութերը