Լրահոս

03.11.2010 17:26


Սերժ Սարգսյան. «Մենք պարտավոր ենք գտնել այդ նյութական միջոցները և գտնելու ենք»

Սերժ Սարգսյան. «Մենք պարտավոր ենք գտնել այդ նյութական միջոցները և գտնելու ենք»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Հանրապետության ղեկավարն այցելել է հիմնովին վերակառուցված և արդիականացված Այրում-Ջիլիզա մաքսատուն և Այրում կայարանի վարչական շենք: Նախագահը ծանոթացել է մաքսատան նոր աշխատանքային պայմաններին, որոնք թույլ են տալիս մաքսային ընթացակարգերն իրականացնել ժամանակակից չափանիշներին համապատասխան սպասարկման բարձր մակարդակով, ինչպես նաև մաքսային հսկողության կազմակերպումը դարձնել ավելի արդյունավետ:

Շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ մինչ Այրում-Ջիլիզա մաքսակետի վերակառուցումը, մաքսային ծառայողներն աշխատել են դեռևս անցյալ դարի կեսերին կառուցված փոքր տարածքով մեկ հարկանի շինության մեջ, որը չէր համապատասխանում մաքսակետի գործունեության  ժամանակակից պահանջներին: Այժմ մաքսատան աշխատանքները կշարունակվեն բարեփոխված, տեխնիկապես արդիականացված և գրեթե կրկնակի տարածքով երկհարկանի շենքում:

Այրում կայարանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Հարավկովկասյան երկաթգծի անձնակազմի վերապատրաստման, երկաթգծի վերանորոգման և տրանսպորտային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Այնուհետև Սերժ Սարգսյանն այցելել է Բագրատաշենի մաքսակետ, շրջել' մաքսատան տարածքում, ծանոթացել սահմանային անցակետի խնդիրներին: Նախագահ Սարգսյանը եղել է նաև ռենտգենային տեսազննման համար նախատեսված շենքում և մաքսային ծառայության վարչական շենքում, որտեղ շրջայցի ավարտին Նախագահ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել' ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի և այլ պատասխանատուների մասնակցությամբ:

Նախագահը կարևորել է սահմանային անցակետերը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու խնդիրը' ընդգծելով, որ  պետք է արագ տեմպերով շարունակել արդիականացման ուղղությամբ սկսած աշխատանքը: Սերժ Սարգսյանը խոսել է հատկապես սահմանային անցակետերից օգտվող ՀՀ քաղաքացիների, գործարար համայնքի ներկայացուցիչների, զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու, նրանց որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտության մասին' նշելով, որ այսօր անցակետերում գոյություն ունեցող վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց, իսկ բարեփոխման համար անհրաժեշտ է տեխնիկական հագեցվածություն և հարմարավետ աշխատանքային պայմաններ ապահովել այդ ծառայությունները մատուցողների' սահմանապահների ու մաքսային ծառայության աշխատակիցների համար, որքան էլ դրանք մեծ միջոցներ են պահանջում:

«Մենք պարտավոր ենք գտնել այդ նյութական միջոցները և գտնելու ենք: Մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում պետք է կարողանանք գոնե երկու-երեք ժամանակակից անցումային կետ ունենալ: Առաջինը պետք է լինի Բագրատաշենը, երկրորդը, երրորդը կարող եք ինքներդ որոշել, թեև կարծում եմ, որ այս հարցը հավասարապես վերաբերում է նաև Մեղրիի մաքսատանը: Այն քաշքշուկները, որ ստեղծվում են առաջին հերթին ամառվա ամիսներին, ուղղակի անթույլատրելի են, նաև' անընդունելի ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ Հայաստան այցելող մեր հյուրերի համար»,-ընդգծել է Երկրի ղեկավարը, նշելով, որ բարձրորակ ծառայությունների մատուցումը չպետք է պայմանավորել միայն լավ աշխատանքային պայմաններով ու ժամանակակից սարքավորումներով ապահովվածությամբ, այլ  չափազանց կարևոր է ունենալ որակյալ ու բարեխիղճ կադրեր:

«Անհարկի քաշքշուկները, խոչընդոտները, շատ դեպքերում' մարդկանցից ակնկալիքները պետք է վերանան և որքան արագ' այնքան լավ բոլորիս համար ու առաջին հերթին'այստեղ աշխատող մաքսավորների համար: Խնդիրը դրվում է հետևյալ կերպ'մոտակա երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանի բոլոր անցակետերը դարձնել ժամանակակից»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի հանձնարարությամբ այնուհետ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը զեկուցել է հարկային մուտքերի ընթացիկ տարվա անցած տասը ամիսների կատարողականի, ՊԵԿ բարեփոխումների ընթացքի, սահմանային անցակետերի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Հանրապետության ղեկավարը մի շարք հանձնարարություններ է տվել պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը:

Տավուշի մարզ այցի շրջանակում Սերժ Սարգսյանը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ' ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը