Քաղաքական

25.12.2009 17:01


Տիգրան Կարապետյան. «Կոնգրեսականները փոխվել են. այլևս ավազակապետություն չեն գոռում»

Տիգրան Կարապետյան. «Կոնգրեսականները փոխվել են.  այլևս ավազակապետություն չեն գոռում»

-Կոնգրեսականները փոխվել են. դարձել են բուլկի, կարագով հաց, այլևս «ավազակապետություն» չեն գոռում,-գնահատական տալով ՀԱԿ-ի գործունեությանը՝ ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Ըստ Տ. Կարապետյանի՝ եթե ծայրահեղները չեն խոսում, ինքն է իր կենտրոնամետ դիրքորոշումով դառնում ծայրահեղ։

-Կոնգրեսականները չկարողացան պահել իրենց դիրքերը։ Իրենք ուղղակիորեն որոշակի ալիք են պահում, բայց չեմ տեսնում այն հզորությունը, որ կար։

Ժողովրդական կուսակցության նախագահի գնահատականով՝ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կոնգրեսականները համակարծիք են նախագահի հետ, խոսում է այն մասին, որ նրանք որոշակի համաձայնության են եկել իշխանությունների հետ.

-Եվ հետո, որքան ես գիտեմ, կոնգրեսականներն արդեն պայմանավորվում են կամ ձգտում են պայմանավորվել 11 պատգամավորական տեղի համար՝ 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Խորհրդարանում լինելու պայքարն է այսօր։

Տիգրան Կարապետյանին չի զարմացնի նաև այն, որ օրերից մի օր կոնգրեսականները լինեն խորհրդարանում. «Փոքր թվով և ՀՀՇ-ի կազմով»։

-Այն, ինչ որ պետք է լիներ։ Միշտ ասել եմ,  որ դա երկու թիմի կռիվ է։ Այնտեղ չկա այն սկզբունքային մոտեցումը, որը պետք է ձևավորի ընդդիմությունը։

Սկզբունքով պետք է առաջնորդվի ընդդիմությունը, ոչ թե նպատակներով, համոզված է Տիգրան Կարապետյանը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը