Լրահոս

04.11.2010 16:43


Նոր օրենքների նախագծեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնց ընդունման դեպքում զգալիորեն կմեծանա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը ապրանքային շուկայում' մրցակցային միջավայրի բարելավման, օրենքի խախտումների կանխման, բացահայտման և հետևանքների վերացման, սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։
Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքի, «ՀՀ պատվավոր կոչումների մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ օրենսդրորեն կկարգավորվեն արյան և դրա բաղադրամասերի շրջանառության բոլոր փուլերի հետ կապված հարաբերությունները, կսահմանվեն դրանց անվտանգության երաշխիքները, դոնորների և ռեցիպիենտների իրավունքներն ու պարտականությունները։
Կառավարության հավանությունն է ստացել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ իրավական դաշտի ստեղծմամբ, մասնավորապես' ՀՀ կառավարության հավանությանն արժանացած պետական և մասնավոր ծրագրերի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Սույն օրենքը կարգավորում է մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ապրանքների շրջանառության ընթացքում ծագող իրավահարաբերությունները։
Գործադիրը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագծին։ Դրանով իսկ առաջարկվում է ճշգրտել օրենքի որոշ սահմանումներ, էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարի արտոնագրի պայմանների մեջ մտցնել նաև հաղորդման գործառույթը և այլն։
Կառավարությունը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների' օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 45000 դրամ։ Գործադիրն արդեն իսկ նախաձեռնել է այդ թիվը ներկայիս 30000-ի փոխարեն դարձնել 32500։ Ըստ կառավարության եզրակացության' պատգամավորների առաջարկն ընդունելու դեպքում կխախտվի մակրոտնտեսական կայունությունը, առաջ կգան լրացուցիչ զգալի ծախսեր, ուստի գործադիրը դեմ է օրենքի նախագծի ընդունմանը։ Բացասական եզրակացություն է ստացել նաև ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է աշակերտներին պարտադրել միասնական դպրոցական համազգեստ։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը