Լրահոս

09.12.2016 17:20


Գագիկ Մովսիսյան. «Հայաստանը լքում են 30-40 տարեկան երիտասարդ և կայացած բժիշկները»

Գագիկ Մովսիսյան. «Հայաստանը լքում են 30-40 տարեկան երիտասարդ և կայացած բժիշկները»

Առողջապահության ոլորտում ընդամենը մի քանի տարի հետո կունենանք կադրերի դեֆիցիտ, որովհետև փորձառու մասնագետներն արտագաղթում են: Անհրաժեշտ է ստեղծել ռազմավարություն: Առողջապահական ոլորտի խնդիրների և բժշկության զարգացման հեռանկարների մասին Անի Խաչատրյանը զրուցել է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի անէսթեզիոլոգ Գագիկ Մովսիսյան հետ:

- Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, և որքանո՞վ է դա իրատեսական մեր երկրի համար:

-Ընդհանրապես, Հայաստանի համար անհրաժեշտ է ստեղծել ռազմավարություն: Աշխարհում տարբեր մոդելներ կան՝սոցիալական բժշկություն (ընդունված է եվրոպական երկրներում), մասնավոր բժշկություն (ԱՄՆ), որն իրականացվում է ապահովագրական ընկերությունների միջոցով: Եթե հիվանդը գնում է բուժհաստատություն, պետք է վճարի բուժօգնության համար, հակառակ դեպքում նրան կարող են չընդունել: Դա նույնն է, երբ գնաս խանութ և առանց վճարելու ապրանք վերցնես: 2 օր հետո խանութը կփակվի: Ֆինանսական միջոցներ, ներդրումներ են հարկավոր: Դա կարող է տրամադրել պետությունը կամ ապահովագրական ընկերությունները: Հարցի մյուս կողմն է՝ եթե պետությունը հատկացնի, ինչպե՞ս կբաշխվեն ռեսուրսները:

Մյուս խնդիրը վերաբերում է բժշկական կրթության որակին: Շատերը, ավարտելով բժշկական ուսումնարանը, անմիջապես ընդունվում են բժշկական համալասարանի 3-րդ կուրս. արդյունքում բաց են թողնում այն առարկաները, որոնք անհրաժեշտ են հիմնարար կրթություն ստանալու համար: Մյուս խնդիրն այն է, որ դեռևս չունենք շարունակական կրթական համակարգ, ըստ որի, բոլոր բժիշկները պարտավորված կլինեն հանձնել քննություն՝ ստանալու լիցենզավորում: Ժամանակին ներդրվեց լիցենզավորման մոդելը, բայց դա իրեն չարդարացրեց: Այսօր ոլորտը կարգավորման խնդիր ունի, անելիքներ շատ կան:

-Պետպատվերի շրջանակում կատարվող վճարումները նպաստո՞ւմ են բուժման որակի բարձրացմանը կամ ժամանակակից բուժում ապահովելուն:

-Կարծում եմ՝ տարբերություն չկա: Այլ հարց է, թե ինչու է պետությունը վճարում ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակի: Ներկա համակարգի թերի կողմերից մեկն էլ այն է, որ պետպատվերի գումարը ֆիքսված է և սահմանափակ: Եթե չեմ սխալվում, որոշ պաթոլոգիաների դեպքում բոլոր խմբերն էլ ընդգրկված են ծրագրում, թե ինչքանով է իրականացվում նրանց բուժումը, դժվարանում եմ ասել: Անձամբ շատ դժգոհություններ եմ լսել: Սակայն սուր ինֆարկտների պետպատվերի ծրագիրը՝<, այդ առումով դրական քայլ է. սուր ինֆարկտով հիվանդը չի մտահոգվում՝ ինչպես գումար հայթայթել. պետությունը տրամադրում է ոչ դեղապատ ստենտ:

Սրտի վիրաբուժության և ստենտավորման առնչվող պետության վերջին որոշումները նպաստելո՞ւ են բնագավառի զարգացմանն ու բուժման որակի բարելավմանը, թե՞ ճիշտ հակառակ արդյունքն են տալու:

-Կարծում եմ՝ դրական որոշում է, թեպետ որոշակի թերություններ և ռիսկեր է պարունակում: Ստենտավորման մատչելիության ծրագիրը իրականացվեց դեռ ԱՆ նախկին նախարար՝ Արմեն Մուրադյանի պաշտոնավարության ժամանակ, նրա առաջարկով: Ես չգիտեմ՝ ով էր նրան հուշել գնալ այդ քայլին: Չգիտեմ նաև, թե ինչու են մինչև հիմա ստենտներն այդքան թանկ արժեցել: Հնարավոր է՝դաշտը մենաշնորհված է եղել: 1990-ականների սկզբին տարեկան 150-200 Վրաստանի քաղաքացի գալիս էր Հայաստան բուժվելու, իսկ հիմա այստեղից են մեկնում հարևան երկիր: Այնտեղ ստենտներն ավելի էժան են: Այլ հարց է՝ արդյո՞ք որակյալ և անվտանգ են մարդու առողջության համար:

Դուք ՝որպես մասնագետ, Ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում: Ե՞րբ և ինչո՞ւ է բժիշկն անպաշտպան:

-Բժիշկն անպաշտպան է, չկա որևէ կառույց, որը կպաշտպանի նրա շահերը: Երբ բժիշկը վրիպում է, սխալ է թույլ տալիս, հանդիպում է հասարակության ընդվզմանը և մնում է միայնակ: Ի տարբերություն արտերկրի, այստեղ չկան մասնագիտական ասոցիացիաներ, որոնք կզբաղվեն այդ հարցով, իսկ առողջապահության նախարարությունից պաշտպանություն ակնկալելն իրատեսական չէ: Վերջիվերջո, պետական կառույցների համար ավելի ձեռնտու է պատժել կոնկրետ անձի: Հաճախ հեռուստատեսությամբ հայտնի և փորձառու բժիշկներին անվանում են հանցագործ, այն դեպքում, երբ դեռ չկա դատարանի որոշում: Աշխարհի տարբեր երկրներում բժշկին ձերբակալում են, երբ, օրինակ՝ հերթապահության ժամանակ հարբած է լինում և հիվանդի հետ անփույթ է վարվում: Իսկ սխալի դեպքում փորձում են հասկանալ պատճառը. միգուցե համակարգային փոփոխություններ են պետք:

Ի վերջո, միայն պատժիչ գործողությունները կհանգեցնեն նրան, որ բժիշկը կհրաժարվի պատասխանատվությունից, իմիջիայլոց, այսօր շատ հեշտ է հրաժարվել ծանր հիվանդից:

Բժիշկների վարձատրությունը Հայաստանում բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:

-Հայաստանում բժիշկների վարձատրությունն անտրամաբանական է: Ընդ որում, ռիսկային մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք գործ ունեն կյանքի համար պայքարող հիվանդների հետ, ինչպես օրինակ սրտի վիրաբույժը, ավելի քիչ է վարձատրվում, քան սոնոգրաֆիստը կամ ռադիոլոգը, որոնք որևէ պատասխանատվություն չեն կրում: Դուք լսե՞լ եք, որ սոնոգրաֆիստը ձերբակալվի: Իսկ գիտե՞ք վիրաբույժներից քանիսն են բանտում, շատերը, իսկ մեծ մասի նկատմամբ քրեական գործեր կան հարուցված: Դրա համար էլ երիտասարդներին չի հետաքրքրում այդ բնագավառը:
Ընդամենը մի քանի տարի հետո կլինի կադրային դեֆիցիտ: Մարզեր կան, որոնք ընդամենը մեկ-երկու անէսթեզիոլոգ ունեն: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդն աշխատում է Գորիսում և պետք է շտապ գնա Քաջարան:

-Եթե արտերկրի կլինիկայից Ձեզ աշխատանքի առաջարկ անեին, կլքեի՞ք հայրենիքը:

-Կմտածեի այդ ուղղությամբ: Ամենավատն այն է, որ Հայաստանը լքում են 30-40 տարեկան երիտասարդ և կայացած մասնագետները: Միայն Նորք- Մարաշ բժշկական կենտրոնից 7-8 կայացած մասնագետներ արտագաղթել են Գերմանիա: Ես նրանց հասկանում եմ, չեմ կարող մեղադրել:

Աստիճանաբար ոլորտը դատարկվում է, մնում են միայն ինձ նման «կիսաթոշակառուները» կամ դեղնակտուցները, որոնք դեռ կայացման փուլում են: Գոնե սրտի վիրաբույժներին պետք է հարգել, գնահատել և նորմալ վարձատրել, հակառակ դեպքում ուսանողները կդառնան սոնոգրաֆիստներ: Երիտասարդների համար հեռանկարներ են հարկավոր:

Անի Խաչատրյան

Այս խորագրի վերջին նյութերը