Լրահոս

28.12.2009 10:10


Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2009 թվականից հետո

2009 թվականը վկայեց Հայաստանի նախաձեռնողական ակտիվ արտաքին քաղաքականության արդյունքի մասին՝ որպես տարածաշրջանային արագափոփոխ զարգացումներին հարմարվելու երաշխիք: Հայաստանը կարողացավ ստեղծված վակուումում ոչ միայն իրացնել սեփական ազգային շահերը, այլև տարածաշրջանային ուժի դերով հանդես գալ. Հայաստանի հեղինակությունը չափազանց մեծացավ միջազգային ասպարեզում:

2009 թվականը, լինելով դինամիկ զարգացած տարի, լավ խորհուրդներ տվեց, որոնք պետք է հաշվի առնել հաջորդ տարիներին իրականացվելիք արտաքին քաղաքականության ռազմավարության համար:

-Հաշվի առնելով հայ-թուրքական գործընթացի նկատմամբ ձևավորված հասարակական-քաղաքական էյֆորիայի անհամաչափության, Թուրքիայի կողմից ոչ բավարար քաղաքական կամքի ցուցաբերման, և ընդհանրապես, (եթե շարունակի զարգանալ գործընթացը) հայ-թուրքական երկխոսության կայացման ընթացակարգային մասի երկարաժամկետության հանգամանքները, կարևորվում է Վրաստանի հետ հարաբերությունների բնականոն ընթացքի պահպանումը և զարգացումը երկարաժամկետ ռազմավարությամբ:

-Ադրբեջանի ավտորիտար իշխանությունների կողմից վարվող ապակառուցողական արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու, ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման նպատակի, ու այդպիսով տարածաշրջանային երկարաժամկետ անվտանգությանը հասնելու համար, հրամայական է ԼՂՀ իշխանությունների' բանակցային գործընթացում

բազմակողմանիորեն ներգրավվելու ավելի շատ շանսերի ընձեռնման ապահովումը Հայաստանի Հանրապետության կողմից:

-Հաշվի առնելով Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի իրականացման դեռևս պահպանվող անորոշությունը, միաժամանակ կարևորելով այդ նախագծի ստրատեգիական նշանակությունը, ելնելով Իրան-Թուրքիա ներկա հարաբերությունների զարգացման հեռանկարների հանգամանքից, անհրաժեշտ է միաժամանակ զարգացնել «Իրան-Հայաստան-Թուրքիա-Եվրոպա» ուղու վերաբերյալ քարոզչություն' ապագա հնարավոր էներգոռեսուրսային նախագծերին մասնակցությանը պոտենցիալ ապահովելու համար:

-Արտաքին քաղաքականությունում հավասարակշռիչներ ներմուծելու, արտաքին տնտեսական կապերի աշխուժացման, նաև իսլամական աշխարհի կողմից' ղարաբաղա-ադրբեջանական հարցերին հնարավոր կրոնական երանգավորում տալու հնարավորությունը կանխելու նպատակներով, հրամայական է Հայաստան-Արաբական աշխարհ քաղաքական և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը:

-Ապագայի Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ պետք է զարգացնի քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերություններ ուժային այպիսի բևեռների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Ճապոնիան:

-Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման, գլոբալացվող հարափոփոխ աշխարհում հարմարվելու նպատակով, որպես գերակայություն, պետք է զարգացնել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները' Սփյուռքահայության ներուժը հայաստանյան մակարդակում կոնսոլիդացնելու և հայկական համահավաք ցանցի հաստատման ձևով:

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2009 թվականից հետո» համառոտ զեկույցը հիմնված է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի կողմից 2009 թվականին իրականացված հետազոտությունների բազմակողմանի վերլուծության վրա:

Հետազոտությունների և, որպես եզրակացություն, տվյալ համառոտ զեկույցի նպատակն է' խորհրդատվություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մասնավորապես Արտաքին գործերի, Պաշտպանության, Սփյուռքի նախարարություններին' սեփական ռազմավարություններում հաշվի առնելու նշված նկատառումները:

Զեկույցում նշված նկատառումները վերաբերում են ՀՀ արտաքին քաղաքականության միայն այն կողմերին, որոնք, ըստ Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի, զարգացնելու անհրաժեշտություն ունեն:

Վահան Դիլանյան,

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ

 

Այս խորագրի վերջին նյութերը