Լրահոս

05.11.2010 09:10


ՀԱԿ հայտարարություն

Քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ռեժիմի կազմակերպած հերթական ոտնձգությունն է իրականացվել քրեակատարողական հիմնարկում։ Մեկ ամիս առաջ իշխանական նման մի ծրագրի բացահայտումից ու կանխումից հետո սա երկրորդ դեպքն է։ Որեւէ կասկած չկա, որ ահաբեկման սույն ողորմելի փորձը հրահանգվել եւ իրականացվել է վարչախմբի պարագլուխների, անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով։ Իշխանությունը, չկարողանալով որեւէ այլ կերպ խոչընդոտել նրա լրագրողական, հրապարակախոսական գործունեությունը, շարունակում է փորձել կիրառել իրեն հոգեհարազատ ու նման դեպքերում միակ հասանելի՝ արյունակից քրեական տարրերին օգտագործելու մեթոդը։

Սա ազատ մամուլը լռեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելու իշխանական «զգուշացնող» ահաբեկչական միջոցառումների շղթայի մի օղակն է, որ վերջին շրջանում իրականացվում է «Հայկական ժամանակ» թերթի նկատմամբ, ընդհուպ՝ խմբագրության առջեւ սպառնական ցույց կազմակերպելով։ Տեղեկություններ կան, որ նաեւ դատական հայցեր են նախապատրաստվում թերթի դեմ։ Պատճառն այն է, որ «Հայկական ժամանակը» վարչախմբի, նրա բարձրաստիճան ներկայացուցիչների եւ օլիգարխների հանցավոր կապերը մերկացնող բազմաթիվ նյութեր է հրապարակում։

Հայ Ազգային Կոնգրեսը եւս մեկ անգամ հայտարարում է, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկական կամ այլ բնույթի որեւէ ճնշման ենթարկելու, նրա անվտանգության հետ կապված որեւէ ոտնձգության ողջ պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի պարագլուխների եւ առաջին հերթին Սերժ Սարգսյանի վրա։ Մենք կոչ ենք անում հայաստանյան, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան, մասնավորապես լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ իրենց ձայնը բարձրացնել խոսքի ազատության ոտնահարման, միջազգայնորեն ճանաչված քաղբանտարկյալի, լրագրողի դեմ իշխանական ստորագույն այս արշավը կասեցնելու ու վնասազերծելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը