Լրահոս

15.12.2016 17:11


«Հոգևոր Հայաստան»-ի բաց նամակը ՀՀ վարչապետին

«Հոգևոր Հայաստան»-ի բաց նամակը ՀՀ վարչապետին
Հռչակելով մի քանի ամիս առաջ «Հոգևոր Հայաստան»-ի ծնունդը, արժևորելով մեր երկրի հոգևոր կերպարն այսօր իսկ կայացնելու հրամայականը, մենք` մի խումբ մտավորականներս, մեր կոչը հղեցինք արժանավայել երկրում ապրելու այդ հավատամքը կրող համայն հայությանը: «Հոգևոր Հայաստան»-ը, որպես Զանգակատուն, առաքելություն ունի ցանկացած երևույթ ու գործ արժևորել Հայրենիքի բարձրագույն չափանիշներով:
Ապրիլյան պատերազմի արդյունքներն ու դրան հաջորդած «Սասնա ծռերի» գործողությունները ստեղծեցին աննախադեպ իրավիճակ մեր պետականության ու ողջ հայության համար:
«Հոգևոր Հայաստան»-ը դիմում է Ձեզ` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնած նոր ղեկավարի, ում հետ դեռ շարունակում է հույսեր կապել մեր քաղաքացիների զգալի մասը: Կոչ ենք անում վճռորոշ քայլեր ձեռնարկել Արթուր Սարգսյանի ինքնազոհ, մարդասիրական պոռթկման հանդեպ իշխանությունների դատապարտելի վերաբերմունքը կասեցնելու ուղղությամբ: Ժողովրդի կողմից "հաց բերող" առասպելական բնորոշմանն արժանացած բարձրագույն որակներ կրող այս հայորդին, լինելով հաշմանդամ, այժմ առողջական ծանր վիճակում է:
Ստեղծված է խիստ վտանգավոր նախադեպ, ուղղված հայի ինքնության, բարոյականության, մեր ոգու վեհանձնության դեմ: Ձեզ բացառիկ հնարավորություն է ընձեռված հիմք դնել արդարացիության հաստատմանը` ազատ արձակելով Արթուր Սարգսյանին: Սա քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտ ազդակ կհանդիսանա մեր երկրում ստեղծված հեղձուկ մթնոլորտը հաղթահարելու համար` Ձեր թիկունքին ունենալով հայ ժողովրդի, ինչպեսև «Հոգևոր Հայաստան»-ի աջակցությունը:
Հարգանքով`
Հասմիկ Պապյան - օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ
Խաչիկ Չալիկյան - ռեժիսոր, դրամատուրգ
Եղիշե Պետրոսյան - երգահան, երաժիշտ
Ռուբեն Կարապետյան - պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան
Վարդան Խաչատրյան - պատմաբան, ԵՊՀ դասախոս
Արեգ Նազարյան - «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական

Այս խորագրի վերջին նյութերը