Լրահոս

05.11.2010 15:47


«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» հայտարարություն

Վերջին շրջանում որոշ մամուլի միջոցներում և սոցիալական կայքերում տեղ են գտնում տեղեկատվություններ, որտեղ կոպիտ և անհարկի քննադատության թիրախ է դարձել ոչ թե Բանակում տեղի ունեցած առանձին դեպքերը, այլ Հայոց Բանակն իբրև հավաքական ինստիտուտ: Վստահ ենք, որ մեր նորանկախ Հանրապետության ամենակայացած ինստիտուտը Հայոց ազգային Բանակն է, որի դեմ յուրաքանչյուր մարտահրավեր հարված է մեր պետականությանն ու ժողովրդին:

Միևնույն ժամանակ մենք նույնպես դատապարտում ենք սպայական կազմի առանձին ներկայացուցիչների անհարիր և անընդունելի պահվածքը, որոնք պատժվել են և դեռ պետք է  խստագույնս պատժվեն : Այն բոլոր սպաները, ովքեր չեն գիտակցում իրենց պարտավորություներն ու  պատասխանատվությունը Հայ Ժողովրդի հանդեպ, պետք է կոչումազուրկ լինեն և վռնդվեն Զինված Ուժերի շարքերից:

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին' գտնելով, որ վերջինիս նախաձեռնած բաց և հրապարակային քաղաքականությունը օգտակար է մեր Զինված Ուժերի համար:

Հայոց Բանակը մեր պետության գոյության և մեր ժողովրդի անվտանգության միակ գրավականն է: Յուրաքանչյուր հրապարակում, որ վերաբերվում է Բանակին, պետք է չափից առավել զգույշ և հիմնավորված լինի, քանի որ այսօր Հայաստանն ու Արցախը գտնվում են պատերազմական իրավիճակում:  Կոչ ենք անում հասարակական -քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին' անկախ իրենց հայացքներից և համոզմունքներից, քաղաքական խարդավանքներից զերծ պահել մեր Բանակն ու համախմբվել նրա շուրջ' իբրև Նորանկախ Հայաստանի հարատևության առհավատչյա:

 «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»  հասարակական կազմակերպության խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը