Լրահոս

05.11.2010 16:04


Լևոն Զուրաբյան. «Ալիկ Արզումանյանն իր կարծիքը հայտնել է»

Լևոն Զուրաբյան. «Ալիկ Արզումանյանն իր կարծիքը հայտնել է»

-Իշխանափոխության ամենահիմնական տարբերակն այն է, որ տապալումների ներքո, աճող խնդիրների և լարվածության պատճառով լինելու է ժողովրդի ընդվզում, և այս ընդվզմանն այլևս մեկուսացած ռեժիմը չի կարողանա նույն պատասխանը տալ, ինչ որ տվեց 2008թ. մարտի 1-ին, երբ վայելում էր միջազգային հանրության լիակատար աջակցությունը։ Այսօր նման շռայլություն նրանք չեն ունենա,-«Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ համակարգող  Լևոն Զուրաբյանը։

«7օր»-ի՝ «Ժողովրդի այդ ընդվզման արդյունքներին ականատես կլինենք արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների միջոցով» հարցին ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանն ասել է, թե դա համընդհանուր դժգոհություն է լինելու։ Նրա խոսքերով՝ հիմա իշխանությունը պահվում է ճնշման մեխանիզմների շնորհիվ, սակայն իրենց տեղեկություններով՝ դժգոհությունները կուտակվում են նաև ուժային կառույցներում, և ճնշման այդ մեքենան ամեն օր քայքայվում է։ Դա, նրա կարծիքով, թավշյա հեղափոխության նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից բնականոն գործընթաց է։

«Ձեր գործընկերներից, օրինակ, Ալիկ Արզումանյանը մասնավորապես նշել է, թե իր կարծիքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախադրյալներ չկան։ Ձեր կարծիքով՝ կա՞ն, թե՞ չկան» հարցին էլ Լ. Զուրաբյանը պատասխանել է.

-Հիմա, գիտե՞ք ինչ, Ալիկ Արզումանյանն իր կարծիքը հայտնել է։ Նա ընդամենը ՀԱԿ համակիրն է, որևէ ղեկավար մարմնում ներկայացված չէ, և ՀԱԿ-ի տեսակետներն ու որոշումները ձևավորվում են քաղխորհրդում՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակում, և այնտեղ մենք համաձայնություն ունենք այս հարցերի շուրջ։

Նա նշել է, որ ինքը նախադրյալներ տեսնում է.

-Դուք ուզում եք, որ ես ձեզ հաստատուն, 100%-ոց կանխատեսո՞ւմ տամ։ Ես 100 անգամ ասացի, որ ես նման բնավորություն չունեմ։ Ես ասում եմ նախադրյալների մասին, գործընթացի մասին եմ ասում, ասում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն դրա շուրջը։ Ի վերջո, կներեք, ցավոք սրտի՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ այն մարդիկ, որոնք ասում են՝ նախադրյալներ չկան, ակամա խանգարում են նման նախադրյալների ստեղծմանը կամ նման նախադրյալների հզորացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը