Լրահոս

28.12.2009 17:49


Առաջարկություններ Բաքվի հայերի ցեղասպանության 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ

Օրերս ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը ՀՀ կառավարությանն ու ՀՀ ԱԺ ղեկավարությանն է ուղարկել նամակ, որում ներկայացրել է իր առաջարկությունները Բաքվի հայերի ցեղասպանության եւ դեպորտացիայի 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Ստորեւ ներկայացվում են այդ առաջարկությունները:

1. 13 հունվարի. 1988-1990թթ. Բաքվից եւ Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրերից դեպորտացիայի ենթարկված հայության հայտարարության հրապարակում եւ տարածում: Տարելիցին նվիրված տեսանյութեր' հայաստանյան հեռուստաալիքների նորությունների հաղորդումներում:

2. 14 հունվարի. Հանրահավաք, որի ընթացքում ընդունվում է Բաքվի հայության իրավունքների վերաբերյալ հայտարարություն: Հանրահավաքի լուսաբանում ԶԼՄ-ներով:

3. 15 հունվարի. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպված կլոր սեղան' պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Լուսանկարների ցուցահանդես' նվիրված ջարդերի տարելիցին:

4. 16 հունվարի. «Սովորական ցեղասպանություն» ֆիլմի շնորհանդես, պրեմիերա' Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, հաջորդ օրերին՝ ցուցադրություններ այլ հեռուստաալիքներով:

5. 17 հունվարի. Թուրքմեն եւ ռուս ժողովուրդներին ուղղված շնորհակալական ակցիաներ՝ այցելություն Երեւանում Թուրքմենստանի եւ Ռուսաստանի դեսպանատներ: Նմանօրինակ միջոցառումներ Թուրքմենստանում եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատներում:

6. 18 հունվարի. Ցույց եւ ծաղկեպսակներ Ծիծեռնակաբերդում՝ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակի խաչքարի մոտ, ՀՀ բարձրաստիճան այրերի մասնակցությամբ:

7. 19 հունվարի. Գիտական համաժողով արտերկրյա մի շարք գիտնականների մասնակցությամբ, զեկույցներ, փախստականների ելույթներ: Համաժողովի նյութերի ժողովածուի հրատարակում: Եզրափակիչ հայտարարության ընդունում: Տեղում լուսանկարների ցուցահանդես:

8. ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ դեսպանատներին  դիմել Բաքվի ջարդերին վերաբերվող նամակով, որտեղ մասնավորապես կվերարծարծվի Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հարցը եւ Ադրբեջանին ԼՂՀ-ի վերաբռնակցումը բացառելու հարցը:

9. Արտերկրում միջոցառումների կազմակերպում

ա) АNКА (ԱՄՆ) հետ համատեղ գործողությունների համակարգում՝ ԱՄՆ Կոնգրեսում հայկական խմբի անդամների ելույթ, նյութերի հրապարակում մամուլում: Միջոցառում Լոս-Անջելեսում նախկին բաքվեցի հայերի մասնակցությամբ:

բ) Եվրոպայի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ գործողությունների համակարգում. հիշատակի միջոցառումների կազմակերպում Եվրոպայում, օրինակ՝ տարբեր քաղաքներում ծաղկեպսակների տեղադրում խաչքարերին:

գ) Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը հիշատակի երեկոյի կազմակերպում նախկին բաքվեցի հայերի մասնակցությամբ եւ բողոքի ակցիա ադրբեջանական դեսպանատան դիմաց:  

դ) ՀՀ ԱԺ պատվիրակության հայտարարությունը Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին:

ե) Արտերկրում ՀՀ յուրաքանչյուր դեսպանատանը տվյալ շաբաթվա համար համապատասխան երկրների ԱԳՆ-ների կողմից հաստատված որեւէ մեկ միջոցառման անցկացում:

10. Այլ միջոցառումներ.

ա) Հայ Առաքելական եկեղեցու կողմից պատարագի մատուցում ի հիշատակ Ադրբեջանի' 1988-ից ի վեր հայերի հանդեպ իրականացրած ջարդերի զոհերի:   

բ) Բոլոր պետական և հասարակական կազմակերպություններում մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

 գ) ՀՀ բարձրաստիճան ղեկավարների հանդիպում ադրբեջանահայերի համայնքի ներկայացուցիչների հետ;

դ) Կրթության եւ գիտության նախարարության կողմից տարածել Բաքվի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի ամբողջ տարածքում հայերի հանդեպ իրականացված ջարդերի մասին հակիրճ նյութ, որում շեշտը կդրվի Ադրբեջանի կողմից իրականացված եւ իրականացվող քաղաքականության դատապարտման ու հետագայում ցեղասպանությունների եւ բռնությունների կանխարգելման վրա:

ե) Առաջարկել ստեղծագործական միություններին իրենց կողմից նախընտրած ձեւով այդ շաբաթվա ընթացքում անցկացնել որեւէ միջոցառում:

Այս խորագրի վերջին նյութերը