Լրահոս

28.12.2009 18:13


«Մարտի 1-ի» զոհերի ծնողների նամակը

            Անձամբ՝ «մարտի 1-ի էջը փակող».

                             Աբրահամյան Հովիկին,

                             Հարությունյան Դավիթին,

                             Նաղդալյան Հերմինեին,

                             Շարմազանով Էդուարդին,

                          Նիկոյան Սամվելին,

                            «մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի բոլոր այն

                          անդամներին, ովքեր ստորագրել են զեկույցը,

                          կոալիցիայի այն ներկայացուցիչներին ու կամակատարներին, ովքեր

                          համարում են, թե մեր որդիների սպանությունների «էջը շրջված է...»:

 Մենք' «մարտի 1-ի» զոհերի հարազատներս, վերոնշյալ անձանցից և նրանց սպասարկուներից քանիցս լսեցինք, թե «մարտի 1-ի էջը փակված է»... Քաջ հասկանում ենք ­- դա ձեր, և առհասարակ' իշխանակիրների փափագն է: Ուզում եք  Նոր տարվա օրերին «միախառնելով»' հասարակությանը «մատուցեք», թե' «հարցը լուծված է»: Հավանաբար, փորձում եք շուտ ազատվել այդ «գլխացավանքից»' գալիք ընտրություններին անմեղի կարգավիճակով մասնակցելու համար: Չե՛ք հաջողվի, չե՛նք հանդուրժի, ու վստահ ենք' գեթ այդ խնդրում հասարակությունը միակամ է ու զորավիգ է մեր' սպանվածների իրավահաջորդներիս ԴԱՏԻՆ...

Իսկ մենք համոզված ենք, որ «մարտի 1-ն» ԱՆՑՈՂԻԿ ՉԷ, որ 21-րդ դարում, քաղաքակիրթ համարվող Եվրոպայի աչքի առաջ, նրա ընտանիքի մասը համարվող Հայաստանում մեզ' ծնողներիս, ու հայ ժողովրդին պատուհասած այդ ոճրագործության ամբողջական բացահայտումը և բոլոր մեղավորներին խստագույն պատժի ենթարկումը ԵՐԻՑՍ  ԱՐԴԱՐ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ: Եվ հավատում ենք, որ մեր համոզմունքն ու պահանջը աջակից արձագանք է գտնում անվախ ու արժանապատիվ բոլոր հայ մարդկանց սրտերում:

Ի գիտություն ձեզ.

Չբացահայտված յուրաքանչյուր հանցագործություն ծնում է մի քանի ոճիր, չպատժված յուրաքանչյուր հանցագործ հայրանում է մի քանի ոճրագործի:  Հիշե՛ք այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր դեռ 1990-ականների սկզբից, նպաստելով ընտրությունների կեղծմանը, մարդկանց իրավունքների բռնացմանը, անկախ դատարան հասկացության հուղարկավորմանը' հետագայում հենց իրենք ուղղակի կամ անուղղակի զոհերը դարձան իրենց իսկ ստեղծած անմարդկային, հանցածին համակարգին... Լա՛վ հիշեք:

Ասում եք' «Մարտի 1-ի էջը փակված է», «Ամեն մարդ իր արարքների համար է պատասխանատու», «Ի տխրություն զոհերի հարազատների և ընդդիմադիրների' մարտի 1-ի էջը փակված է»... Որքան հեշտ եք արտասանում այդ խոսքերը, ինչքան հանգիստ ու անխռով: Նաև այդպես եք ցույց տալիս, որ ծնողներիս ՑԱՎՆ ՈՒ ՎԻՇՏԸ ձերը չեն, օտար են, «բեռ» են ձեզ համար... «Զեկույցներ» եք պատրաստում, Եվրոպայում ինչ-որ իրավական հիմնավորումներ ներկայացնում... Ձեր այդ վերաբերմունքին մեկ ու ճշմարիտ գնահատական կա' փորձում եք կոծկել հանցագործությունը, պարտակել' մեղավորներին, նշանառու ոստիկաններին, իշխանության հավատարիմ մարդասպաններին: Դրանով եք ՄԵՂՍԱԿԻՑԸ դառնում ոճրագործության, դրանով և' ձեր վախով, անտարբերությամբ, անսրտությամբ...

Հրամայել էր' 20 օր արտակարգ դրություն. որ' ի՞նչ, քրիստոնյա զավակներիս արյո՞ւնը մարսեին... Այցելեց միայն մեկ զոհի հարազատներին' ցավակցության. իսկ մե՞ր որդիները - զոհե՞ր չէին, մեր լացն ու ողբը - ծնողակա՞ն չէր:

Պետությունը դարձրել եք գանձարան' դանայան տակառի պես ձեր անկուշտ ընչաքաղցության համար, երկիրը' մահկանացուներիս կյանքի կազինո ու խորովածանոց, ժողովրդին համարում եք լոկ ձեր ստնտուն, իրավապահ համակարգն էլ օգտագործում եք որպես վահան ու մահակ...

Շատ խոսք ունենք ասելու' ծնողի, մարդու, հայի, քաղաքացու... Ու դեռ' կասենք: Բայց հիմա - Նոր տարի է, մեզ համար' հին - 2008...: Ձեր ապագա արու թոռնիկներին' բարի ծնունդ, բարի ծառայություն Հայոց բանակում, և թող նրանք ապրեն իրավական-քաղաքացիական Հայաստանում, որպեսզի այդ երիտասարդ զինծառայողների վերադասները նրանց ապօրինաբար չտեղափոխեն մայրաքաղաքի փողոցներ' ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ սուրբ երդումը «ի կատար ածելու» հայրենակիցների դեմ: Ամանորին' մեր պետությանը մաղթում ենք - օրենք, իրավունք, արդարություն:

            «Մարտի 1-ի» որդեկորույս ծնողներ'

Զոհված զինվոր Տիգրան Աբգարյանի մայր' Ռուզաննա Հարությունյան

Զոհված Տիգրան Խաչատրյանի մայր'  Ալլա Հովհաննիսյան

Զոհված Գոռ Քլոյանի հայր՝  Սարգիս Քլոյան

Զոհված Արմեն Ֆարմանյանի հայր՝  Վաչագան Ֆարմանյան

Զոհված Դավիթ Պետրոսյանի մայր՝  Ջեմմա Վարդումյան

Զոհված Հովհաննես Հովհաննեսյանի այրի՝  Լիլիա Մինասյան

Զոհված  Սամվել Հարությունյանի հայր՝  Ռուբեն Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը