Լրահոս

21.12.2016 10:12


Արցախում վերջերս հայտնաբերված տարօրինակ քարաբեկորները բնական գոյացություններ են (լուսանկարներ)

Արցախում վերջերս հայտնաբերված տարօրինակ քարաբեկորները բնական գոյացություններ են (լուսանկարներ)

Արցախում վերջերս հայտնաբերված տարօրինակ քարաբեկորները բնական գոյացություններ են։

Նկատի ունենալով այն մեծ հետաքրքրությունը, որն առաջացրել է Արցախում վերջերս հայտնաբերված քարաբեկորների արտաքինը, հարկ եմ համարում օր առաջ տեղադրել այդ ուշագրավ գոյացությունների նախնական նկարագրությունն ու դրանց վերաբերյալ իմ եզրակացությունը: Այն շատ ավելի մշակված և հետագա աշխատանքների վերաբերյալ կոնկրետ առաջակներով, ինչպես և պայմանավորվել ենք, ես մոտ օրերես կուղարկեմ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ պարոն Սերգեյ Շահվերդյանին և նույն նախարարության Զբոսաշրջության ու պատմական միջավայրի պահպանության վարչություն:

Միջավայրը: Քարաբեկորները տեղադրված են արցախյան լեռների տափաստանամերձ հատվածի արևելյան լանջերից մեկի վրա և զբաղեցնում են մոտ մեկ քառակուսի կիլոմետր տարածք: Նկատի ունենալով, որ դրանց համեմատաբար ամբողջական օրինակներն ու բեկորոները հանդիպում են 10-15 քառակուսի մետրը մեկ բեկոր հաճախականությամբ՝ կարելի է խոսել հարյուրավոր (եթե ոչ ավելի) օրինակների մասին:

Արտաքին նկարագրությունը: Համեմատաբար ամբողջական օրինակները ներկայացնում են մոտավոր կիսագնդաձև կամ կիսաձվաձև/կիսաէլիպսաձև ծավալներ՝ բաղկացած իրար մեջ ներառված երկու թասաձև և մեկ գնդաձև ծավալներից: Մոտավոր չափերն են՝ տրամագիծը՝ 1,0-1,2 մետրից մինչև 3,0-3,5մետր, բարձրությունը՝ 0,3-1,0 մետր: Արտաքնապես սրանք կարծեք կենտրոնական «դեղնուցից» և երկու իրար մեջ առնված «սպիտակուցներից» բաղկացած հսկայական ձվեր լինեն, որոնք ինչ-որ «հրաշքով» քարացել են և երկատվել՝ կտրվածքում ցուցադրելով երկու «սպիտակուցների» ավելի կարծր եզրերը, կենտրոնի գունդը, նրա մի մասը կամ էլ կամ էլ ժամանակի ընթացքում տեղից դուրս եկած գնդի փոսորակը:

Ծագումը: Այն, որ սրանք բնական ծագում ունեն, որևէ կասկած լինել չի կարող: Քարերի վրա արհեստական կտրվածքների, տաշվածքի կամ հղկման հետքերն իսպառ բացակայում են: Միայն երկու դեպքում կարելի է վավերացնել, որ մարդիկ փորձել են հանել գունդը կամ նրա մի մասը: Բոլոր դեպքերում, իրենց արտառոց տեսքով այս քարերը երևի առանձնակի ուշադրության են արժանացել և բացառված չէ, որ հետագա մանրամասն հետազոտությունները կարող են երևան բերել դրանց մշակութայնացման այլ փաստեր ևս:
Առայժմ, գոնե իմ մասնագիտական գիտելիքների սահմաններում, դժվարանում եմ պատասխանել այն հարցին, թե սրանք կենդանական թե՞ այլ (բուսական, հրաբխային և այլն) ծագում ունեն: Հուսով եմ մոտակա օրերին համապատասխան մասնագետների հետ խորհդակցությունները կհստակեցնեն այս խնդիրը ևս:

Շնորհակալության խոսքեր: Հաճելի պարտականություն է հատուկ շնորհակալություն հայտնել Մարտակերտի բնակիչ Նարեկին, ով ամիսներ առաջ նկատելով այս բեկորները, հայտնել է այդ մասին Մարտակերտի պատմերկրագիտական թանգարանի աշխատակիցներին և նրանց միջոցով նաև ինձ: Շնորհակալություն պարոն Սերգեյ Շահվերդյանին, որ իր հրապարակումով «ստիպեց» ինձ արագացնել նախնական հետազոտությունը, շնորհակալություն Արցախի պետական համալսլսարանի դոցենտ պարոն Յուրա Առաքելայնին և «Պատմական միջավայրի պահպանություն» ՊՕԱԿ-ի գիտաշախատող, իմ սիրելի աշակերտ Նժդեհ Երանյանին ու նրա տիկնոջը՝ Լիլիթ Պողոսյանին, ովքեր իրենց մասնագիտական խորհուրդներով և ֆիզիկական օգնությամբ աջակցեցին այս նախնական հետազոտության ընթացքին:

Համլետ Պետրոսյան,
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ,
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի
Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար


Այս խորագրի վերջին նյութերը