Քաղաքական

28.12.2009 20:24


Տարվա ամփոփումը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպմամբ

Տարվա ամփոփումը՝  «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպմամբ

Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան 2009. խոստում և իրականություն» զեկույցի շնորհանդեսը։ Քննարկման բանախոսներն էին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը և «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը։

Ամփոփելով 2009թ.-ն՝ Վարդան Օսկանյանը նշել է, որ  2009-ի՝ իր համար նկատելի միտումներից առաջնայինը խոսքի և իրականության միջև անջրպետն էր։ Նա նշել է, որ նախկին իշխանությունների ժամանակ էլ այդ անջրպետը եղել է, սակայն դա արվում էր, երբ դրական որոշակի տեղաշարժեր կային, սակայն երբ տարվա ընթացքում մեծ հաշվով դրական տենդենց չկա, այդ անջրպետն աղավաղում է ժողովրդի ընկալումը. դա բացասական է ազդում և՛ ներքաղաքական գործընթացների, և՛ արտաքին հարաբերությունների վրա։ Երկրորդ տենդենցը, որը նկատելի է Վ. Օսկանյանի համար, այն է, որ Հայաստանը կարծես անկախացել է 2008թ. փետրվարին կամ ապրիլին, այսինքն՝ բացակայում է ինստիտուցիոնալ հիշողությունը։ Երրորդ տենդենցը, Վ. Օսկանյանի կարծիքով, սխալվելու թույլատրելիությունն է։ Այս առումով, ըստ նրա, Հայաստանը և հայ ժողովուրդը սխալվելու տեղ չունեն, և պետք են այնպիսի ղեկավարություն և քաղաքական գործիչներ, որոնք կարող են գործել առանց սխալվելու։

Անդրադառնալով 2009թ. տնտեսական զարգացումներին և ամփոփելով 2009թ.-ն՝ Լևոն Բարխուդարյանը նշել է, որ այն ավելի չսպասված և ավելի հանկարծահաս ու խոր ճգնաժամի և ծանր մաքառումների տարի էր։ Նրա կարծիքով 2008թ. համեմատ առնվազն 15% ՀՆԱ-ի անկում է սպասվում, սղաճը կլինի մոտ 5%, արտահանման և ներկրման պակասում, բյուջեի եկամուտների նվազում և ՀՆԱ-հարկեր հարաբերակցության նվազում։ Նրա կարծիքով ճգնաժամից զատ ՀՀ տնտեսության վրա ազդել են այն բացասական գործոնները, որոնց դեմ անհրաժեշտ պայքար չէր տարվում։

Արտաքին քաղաքական զարգացումներից խոսելիս Հովհաննես Իգիթյանը մասնավորապես անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, և նշել, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է պարունակեին երկու կետ՝ կողմերը պայմանավորվում են բացել սահմանը, ինչի նպատակով ստեղծվում է միջկառավարական հանձնաժողով, որը պետք է լուծի սահմանը բացելու հետ կապված տեխնիկական և օրենսդրական հարցերը և վերջ։ Որևէ այլ կետ, որը տեղ կգտներ այդ արձանագրությունում, Հ. Իգիթյանի կարծիքով, նախապայման կամ հետագա մեկնաբանությունների առարկա է, և այդպես էլ եղավ։ Նրա կարծիքով այն, ինչ կատարվում է Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում, կապված է Հայաստանի ներքին իրավիճակի հետ։ Իսկ 2009թ. ժողովրդական գործընթացների հետ կապված տեսանելի իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանում որևէ բան չի փոխվել։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արտաքին ճնշումներին անդրադառնալով՝ Վ. Օսկանյանն ասել է, որ միգուցե պարտադրված փաստաթղթի տարբերակը  ոմանք ուզում են ցանկալի ներկայացնել, սակայն ինքն անցել է այդ ճանապարհով, և իր վրա էլ են ճնշումներ եղել, բարդ իրավիճակներ էլ են ստեղծվել, սակայն երբ խնդիր է լինում, երբ զգում ես, որ չես կարող համաձայնվել, ուղղակի թողնում ես դահլիճն ու դուրս գալիս։ Այսօր, նրա կարծիքով, դա վտանգավոր մոտեցում է դարձել։ Վ. Օսկանյանը նաև նշել է, որ բացառվում է, որ ինքը մայնդորֆյան փաստաթուղթ ստորագրեր կամ  նախագահին նման փաստաթուղթ բերեր։ 

Քննարկման ներկաներից ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց բանախոսներին, թե ի՞նչ ելք են իրենք առաջարկում ստեղծված իրավիճակից՝ սպասել Թուրքիայի իրադարձությունների՞ն, արագընթաց կարգով մերժել արձանագրություննե՞րը, թե՞ մեկ այլ՝ երրորդ ճանապարհ, ինչին ի պատասխան Հովհաննես Իգիթյանը մասնավորապես նշեց իշխանափոխությունը՝ շեշտելով, որ Դաշնակցությունը, սակայն, այդ պահանջին չի միանում։

Քննարկմանը ելույթ ունեցավ նաև «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, ով անդրադառնալով նախաձեռնողական քաղաքականությանը նշել է, որ Սերժ Սարգսյանն ինքն էր Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի մեկնելուց հետո ասել, որ հենց ինքն է խնդրել և դեմ չի եղել, որ Թուրքիան օժանդակի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում։ Ըստ Թևանյանի՝ ՀՀ իշխանությունները հետո հասկացան որ սխալվել են ու հրապարակ նետեցին  ինքնաարդարացնող «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» կարգախոսը։ Նա նաև նշել է, որ Հայաստանում քաղաքական ներքին իրավիճակն այնպիսին է, որ քաղաքական ամբողջ դաշտը զբաղեցված է եղել (և՛ ՀԱԿ, և՛ իշխանություն), որոնք համատեղ անցկացրել են հայ-թուրքական գործընթացը։ Համեմատելով Էրդողանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետները, Ա. Թևանյանի կարծիքով ստացվում է, որ Ս.Սարգսյանը համաձայն է Էրդողանի հետ պատմաբանների հանձնաժողովի հարցում, բայց համաձայն չէ գործընթացը կապել Ղարաբաղյան հիմնահարցի հետ (համենայնդեպս՝ հայտարարությունների մակարդակով Սարգսյանի մոտեցումն այդպիսին է), Լևոն Տեր-Պետրոսյանը Էրդողանի հետ համաձայն չէ պատմաբանների  հանձնաժողովի հարցում, բայց համաձայն է, որ հայ-թուրքական գործընթացը կապվի Ղարաբաղյան հարցի հետ ու դա դրական է գնահատում։ Վերոնշյալի արդյունքում Հայաստանում առաջացել է մի իրավիճակ, երբ Դաշնակցությունը դեմ է գործընթացին՝ կողմ է նախագահին, ՀԱԿ-ը կողմ է գործընթացին՝ դեմ է նախագահին։ Արդյունքում Հայաստանում առաջանում է քաղաքական վակուում։

Ա.Թևանյանը նշել է նաև, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն արտաքին լեգիտիմություն էր փնտրում հայ–թուրքականը նախաձեռնելով, այլ նաև ներքին։ Սարգսյանն անուղղակի երկխոսության մեջ մտավ իր ընդդիմախոսների հետ նախաձեռնելով հայ-թուրքական հարաբերությունները, որովհետև գործընթացից հետո Ս.Սարգսյանի համար Տեր–Պետրոսյանի կողմից հետաձգվեց հանրահավաքը և այլն, հետևաբար Սերժ Սարգսյանը նախաձեռնել է ֆուտբոլային դիվանագիտությունը ոչ միայն արտաքին լեգիտիմություն ձեռք բերելու, այլև ներքին լեգիտիմություն ձեռք բերելու համար և այս հարցում պետք են հստակ գնահատականներ՝ ավելացրել է Թևանյանը։ Տեր–Պետրոսյանի կողմից Սարգսյանին ընդառաջ գնալու  գաագաթնակետը Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների օրինակն էր։ Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք, ըստ էության ընդունել են իրենց սխալները, ինչի ապացույցներից էր ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի արտահայտությունը, որ «մենք ավելի խելոք ենք քան մի քանի տարի առաջ» և «չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»,–նկատել է Թևանյանը։

-«Պատկերացնու՞մ եք, հիվանդին տանենք հիվանդանոց և նրան էլեկտրիկը վիրահատի, հիվանդը մահանա, հետո էլ արդարացնեն, որ այդ էլէկտրիկը շատ նախաձեռնող էր, «ֆուտբոլասեր» և չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Նույն կերպ իշխանություններն իրենց պահում են հայ–թուրքականի մասով,- իրավիճակը պատկերավոր ներկայացրել է «Պոլիտէկոնոմիայի» ղեկավարը։

Ինչ վերաբերում է 2010թ. կանխատեսումներին, Ա.Թևանյանը նշել է, որ ֆուտբոլային դիվանագիտությունը խայտառակ ձախողման է ենթարկվելու, Թուրքիան չի վավերացնելու արձանագրությունները, սահմանները չեն բացվելու և եթե հանկարծ Սերժ Սարգսյանը որոշի, որ պետք է «ֆուտբոլասեր» դառնալ նաև Արցախի մասով, ապա, նրա կարծիքով, 1998թ.-ի սցենարը կկրկնվի,  եթե ոչ, արտահերթ գործընթացներ չեն լինի և դաշտը կլճանա։ Ա.Թևանյանի կարծիքով 2010թ. պետք է լինի նոր հասարակական –քաղաքական շարժման սկիզբ, իսկ եթե դա տեղի չունենա, ապա այսօրվա պատկերը հնարավորություն է տալու այս իշխող համակարգին (անձերը մի կողմ դնելով) իշխել ևս տասնամյակներ։

 

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը