Լրահոս

23.12.2016 10:50


Բացառիկ վիրահատություն «Սլավմեդ» Բժշկական կենտրոնում (լուսանկար)

Բացառիկ վիրահատություն «Սլավմեդ» Բժշկական կենտրոնում (լուսանկար)

Օրեր առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատել են 68 տարեկան կնոջ, ով արդեն կորցրել էր հույսը, որ կարող է ազատվել պարանոցի շրջանում գոյացած ու անընդհատ արյունահոսող ուռուցքից:

Վիրահատությունն իրականացրին կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արա Արմենակի Թորոսյանը, Անեսթեզիոլոիայի և ինտենսիվ թերապիայի բաժնի վարիչ Վահե Կառլոսի Սաբունջյանը և էնդոկրին վիրաբույժ Արամ Սամվելի Չոմոյանը: Վիրահատված կինը՝ Հռիփսիմե Քեհինյանը, դիմել էր կենտրոն 3-4 ամիս առաջ, երբ վիճակն ուղղակի անտանելի էր դարձել:

Ամեն ինչ սկսվել էր այն բանից, որ կինը 4 տարի առաջ հանգուցավոր խպիպի՝զոբի համար վիրահատության էր ենթարկվել Երևանի հիվանդանոցներից մեկում: Վիրահատությունից մի տարի անց պարանոցի հատվածում ուռածություն է նկատել, սկսել է իրեն վատ զգալ ու կրկին դիմել վիրահատող բժշկին, սակայն նա օգնել չի կարողացել և ուղարկել է ճառագայթաբանի մոտ: Ճառագայթաբանն էլ, սակայն,ասել է, որ չի կարող իրականացնել ճառագայթային բուժում, քանի որ վահանաձև գեղձն ամբողջությամբ հեռացված չէ: Դրանից հետո Հռիփսիմե Քեհինյանը ևս մի քանի բուժհաստատություն է դիմել, սակայն հրաժարվել են վիրահատել:

«Ուր գնացի, ասացին, որ չեն կարող վիրահատել, քանի որ գոյացությունը անոթի վրա փաթաթված է, վիրահատությունը շատ ռիսկային է: Ես էլ արդեն հույսս կորցրել էի, ասում էի՝ ոչ դեղ եմ խմելու, ոչ էլ բժշկի եմ գնալու: Բայց ուռուցքը շարունակում էր մեծանալ, արդեն դարձել էր մոտ 2-3 ամսական երեխայի գլխի չափ, ու խոցոտումներ էին առաջացել: Իսկ այս տարվա օգոստոսի 12-ից ուռուցքը սկսեց արյունահոսել ու կապտել, ու ես ինձ սկսեցի շատ վատ զգալ: Արդեն սեպտեմբերի սկզբին եկա Սլավմեդ՝ Արա Արմենակովիչի մոտ, ու խնդրեցի ինձ վիրահատել՝անկախ արդյունքից: Արդեն չէի կարողանում այսպես ապրել, շատ էր մեծացել, խոցոտվել,անընդհատ արյուն էր գալիս, չէի կարողանում հաց ուտել, նիհարել էի»,- պատմում է Հռիփսիմե Քեհինյանը:

Կենտրոնում նախ բուժում են նշանակել, քանի որ գոյացությունը ամբողջությամբ կարծրացած է եղել: Բուժումների արդյունքում վիճակը մի փոքր շտկվել է, ինչից հետո միայն մասնագետները դիմել են վիրահատության:

Ինչպես փաստում են մասնագետները, վիրահատության ժամանակ հաջողվել է անել անգամ պլանավորվածից ավելին: Հեռացրել են ամբողջ խոցոտված ուռուցքը, վահանաձև գեղձի ողջ ձախ հատվածն ու ավշային հանգույցները: Ավելի ծավալուն միջամտություն չի արվել, քանի որ հիվանդն արդեն իսկ շատ արյուն էր կորցրել. «4 ամիս շարունակ բաց վերքերի պատճառով կինը բավականին արյուն էր կորցրել, մենք վիրահատել ենք հեմոլոբինի ցածր տոկոսի պայմաններում, բացի այդ այլ զուգակցվող հիվանդություններ էլ ուներ նա, որոնք ևս ռիսկի գործոն էին նման ծավալի վիրահատության համար: Բարեբախտաբար, Սլավմեդ ԲԿ-ն ամեն հնարավորություն ունի նման վիրահատություն կատարելու, վիրահատության ժամանակ հիվանդի կյանքը ապահովելու և հետվիրահատական շրջանը ճիշտ վարելու համար: Հենց այդ պատճառով էլ մենք թիմով որոշեցինք գնալ այդ քայլին ու պատվով դուրս եկանք այդ վիճակից»,- նշում է կենտրոնի Ինտենսիվ թերապիայի և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Վահե Կառլոսի Սաբունջյանը:

Հռիփսիմե Քեհինյանն արդեն իրեն լավ է զգում. իր ոտքով ու բարձր տրամադրությամբ գնացել է տուն:

«Այն, ինչ տեղի ունեցավ, ուղղակի հրաշք էր: Հիմա ինքնազգացողությունս լավ է, ուղղակի թույլ եմ զգում, շատ արյուն էի կորցրել, ինձ երկու անգամ արյուն ու պլազմա ներարկեցին, կամաց-կամաց կկազդուրվեմ, բայց կարևորը՝ արդեն կրող եմ վերադառնալ իմ բնականոն կյանքին: Շատ շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին նման վերաբերմունքի համար: Բոլորն ինձ Սլավմեդ կենտրոնում վերաբերվում էին այնպես, ինչպես հարազատներս ինձ կվերաբերվեին»,- ասում է նա:

Հավելենք, որ մասնագետները պլանավորում են հեռացնել նաև կնոջ վահանաձև գեղձի աջ մասը ավելի մեծ բուժական արդյունքի համար, բայց դրա համար նա նախ պետք է ապաքինվի «Գուցե մի երեք ամիս հետո նորից հետազոտենք ու նա արդեն բավարար կազդուրված լինի վիրահատությունը կատարելու համար»,- հավելեց Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար հավելեց Արա Թորոսյանը:

Zham.am







Այս խորագրի վերջին նյութերը