Լրահոս

29.12.2009 13:13


Ձերբակալվել է բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը

Ձերբակալվել է բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը

Բնապահպանության նախարարության մամլո քարտուղար  Հասմիկ Մկրտչյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը ձերբակալվել է։

-Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, և մինչև հիմա ոչ մի ինֆորմացիա չունենք, թե ինչն է պատճառը,-ասել է նա։

«7օր»-ը կապ է հաստատել նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության հետ, սակայն այնտեղից մեզ տեղեկացրել են, որ ձերբակալվել է ոչ թե Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, այլ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը։

Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդած տվյալների՝ Արսեն Պետրոսյանը մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու և կազմվող ակտի գումարի չափը մինչև 10 մլն դրամ նվազեցնելու համար պահանջել է 5 մլն դրամ կաշառք:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարարության իր աշխատասենյակում կաշառք վերցնելու փաստով Արսեն Պետրոսյանը մերկացվել է: Նրա մոտ հայտնաբերվել է վերցված գումարից 1.210.000 դրամ, իսկ մնացած 3.790.000 դրամն Ա. Պետրոսյանը հասցրել էր փոխանցել նույն տեսչության պետ, 1960թ. ծնված Տիգրան Գրիգորյանին:
Միջոցառման ընթացքում, բացի վերցված կաշառքից, Ա. Պետրոսյանն իր գրպաններից ներկայացրել է նաև 2 մլն դրամ և ԱՄՆ 1.000 դոլար, իսկ տեսչության պետ Տ. Գրիգորյանը, բացի Ա. Պետրոսյանի տված կաշառքի գումարից, նույն պոլիէթիլենային փաթեթի մեջ ներկայացրել է 3.800.000 դրամ, 15.000 դոլար ու ևս 18.000 դոլար:
Արսեն Պետրոսյանը և Տիգրան Գրիգորյանը ձերբակալված են:
Նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Թեմային շարունակությունը տե՛ս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը