Մեկնաբանություն

27.12.2016 12:40


Սեյրան Օհանյանը բարձրացնում է դրոշակը

Սեյրան Օհանյանը բարձրացնում է դրոշակը

2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի փուլում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ինքն ընդամենը երեք տարով է ուզում նախագահ դառնալ, կարծիք հայտնեց, ըստ որի՝ ՀՀ առաջին նախագահին այդ երեք տարին պետք է Ղարաբաղը ծախելու համար:

Ճակատագրի հեգնանքով՝ 2008-ից երեք տարի անց՝ 2011-ին, Կազանում Սարգսյանն ընդհուպ մոտեցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տերպետրոսյանական տխրահռչակ փուլային տարբերակին, այսինքն՝ իր իսկ ձևակերպմամբ՝ «Ղարաբաղը ծախելուն»:

2011-ին Ալիևը չէր համաձայնել Սարգսյանի միակողմանի զիջումներին, քանզի պահանջում է ոչ թե 7, այլ 12 շրջան, այսինքն՝ ամբողջ Ղարաբաղը:

Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում Սերժ Սարգսյանին գնալ մինչև վերջ և բավարարել «ռացիոնալ մտածող պետական գործիչ» Ալիևի պահանջները: ՀԱԿ առաջնորդը, միևնույն ժամանակ, հայտ է ներկայացնում քիրվայական կոդի շրջանակներում դառնալ Սերժ Սարգսյանի հենարանը, քանզի, ինչպես ճիշտ է նա նկատում, հակամարտության լուծման քիրվայական տարբերակն իշխանական շրջանակներում պաշտպանող չկա: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը մենակ է մնացել:

Տեր-Պետրոսյանը փաստացի բարձրացնում է քիրվայական կամ որ նույնն է՝ կապիտուլյացիայի դրոշակն ու այն ծածանում Սերժ Սարգսյանի գլխավերևում: Վերջինս պետական կառավարման առումով սկզբունքներ չունի և երկու տիպի կոալիցիոն հուշագիր է ստորագրել՝ մեկը ՀՅԴ–ի հետ հրապարակավ, իսկ մյուսը՝ «ներազգային միասնության» շրջանակներում Տեր–Պետրոսյանի հետ: Կախված իրավիճակից՝ նա կարող է ընկնել «հայրենասիրության» և քիրվայականության գիրկը։

ՀՀԿ ղեկավարը կարող է մի կողմից ծովից ծով Հայաստանի մասին հիշել և ծաղիկներ դնել Վուդրո Վիլսոնի գերեզմանին, իսկ մյուս կողմից Կազանում համաձայնել «Լճից լիճ Հայաստան» ծրագրին: Նա կարող է մի կողմից Գյուլի խաթեր անջատել Ծիծեռնակաբերդի լույսերը և Հայոց ցեղասպանության հարցն առևտրի առարկա դարձնող հայ-թուրքական արձանագրություններ ստորագրել, իսկ մյուս կողմից Ծիծեռնակաբերդում սրտաճմլիկ ելույթներ ունենալ:

Սարգսյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, դոկտրինյոր չէ: Նրա համար կարևորն իշխանական աթոռը պահելն է: ՀՀԿ ղեկավարը հիմա հայտնվել է քիրվայական տիրույթում՝ իր իսկ վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով: Այս ամենի արդյունքում սուպերմարգինալ քիրվայական կոդը մղվել է առաջին պլան և դարձել հանրային քննարկման առարկա: Ասել է թե՝ հայաստանակենտրոն ու պետականակենտրոն մոտեցումը, որը պետք է լիներ իշխանական և ոչիշխանական հատվածների միակ ռազմավարական գիծը՝ մարտավարական տարբերություններով հանդերձ, մնացել է անտեր։ Ինչպես որ անտեր են մնացել մեր հաղթանակն ու անկախության գաղափարը։

Քաղաքական պայքարի հայտ ներկայացրած Սեյրան Օհանյանն իր տեսակետը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ներկայացնելով՝ փաստացի բարձրացրեց պետականակենտրոնության և հայաստանակենտրոնության դրոշակը: Այդ դրոշակի տակ կարող են համախմբվել ինչպես ոչիշխանական դաշտի, այնպես էլ իշխանության ներսում գտնվող առողջ հատվածները, որոնք ճնշող մեծամասնություն են կազմում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ մասնավորապես, նշել էր. «Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք»։

Սերժ Սարգսյանի քաղաքական ու գաղափարական հենարանը դառնալու հայտ ներկայացրած Լևոն Տեր–Պետրոսյանին այդ գրառումը հնարավորություն էր տվել ինքնադրսևորվելու և Բ26–ի մոտ աչքի ընկնելու։ Սա դիմել էր դեմագոգիային, թե բա՝ եթե Օհանյանը կարծում է, որ Ղարաբաղի հարցը խոչընդոտ չէ Հայաստանի զարգացման ճանապարհին, ապա, ըստ նրա, ստացվում է, որ դա մի բարեբախտություն է, որն ընկել է հայ ժողովրդի գլխին։ Տեր–Պետրոսյանն իր այս եզրահանգումից հետո միանում է ստեփանսաֆարյանների ու սերժական մյուս հաճախորդների բանակին և հայտարարում, որ Օհանյանը քաղաքականության մեջ անելիք չունի (Սերժ Սարգսյանն ունիկալ հատկություն ունի. նա կարողանում է մի ամանի մեջ եփել իրար «փչացնող» շրջանակներին՝ ամեն մեկին իր ֆունկցիան տալով)։

Ցանկացած բանական էակի և, առավել ևս, հայոց լեզվին ու նվազագույն տրամաբանությանը տիրապետող մեկի համար էլ պարզ է, որ եթե գրվում է, որ «Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը», ապա դա նշանակում է, որ այդ տողերի հեղինակը չի ասում, թե ինչ լավ է, որ ղարաբաղյան հակամարտությունը կա, այլ ասում է, որ Արցախի հարցի առկայությունը խոչընդոտ չէ Հայաստանի զարգացման ճանապարհին։

Պարզ է, որ շատ լավ կլիներ, եթե մենք չունենայինք այդ հակամարտությունը, ՀՀ–ն ու ԼՂՀ–ն անվտանգության խնդիրներ չունենային, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունենայինք բաց սահմաններ, տարածաշրջանում գտնված լիներ տևական խաղաղության ու բարիդրացիականության բանաձևը, բայց քանի որ հիմա այլ վիճակ է, ուստի չպետք է մոխիր լցնել գլխներիս, բայղուշություն անել և հայտարարել, թե մեր փրկությունը հանձնվելու մեջ է, և մինչև չհանձնվենք, Սերգո ջանը լավ չի ապրի (ի դեպ, Սերգո ջանը լավ էլ ապրում է՝ իր փայը փախցնելով իշխանական կերակրատաշտակից)։ Բայց դե, Սերժ Սարգսյանին սատար կանգնող և Ալիևին քծնող մարգինալներն ուրիշ պատկերացումներ ունեն և այլ խնդիր են լուծում։ Հատկապես որ նախորդի համեմատ փոխվել էր ՀԱԿ համագումարի տեղեկատվական (և ոչ միայն տեղեկատվական) հովանավորը։

Երբ քաղաքական գերեզմանոցից են հայտարարում, թե ում քաղաքական կարիերան ինչպես և երբ է ավարտվելու, պարզապես ծիծաղդ է գալիս։

Հ.Գ.–2։ Որոշ «անկախ» լրատվամիջոցներ Սեյրան Օհանյանի գրառումը ներկայացրել էին որպես պատասխան Լևոն Տեր–Պետրոսյանին։ Այդպիսով փորձ է արվում Սեյրան Օհանյանին իջեցնել Տեր–Պետրոսյանի հետ բանավեճի հարթություն։

Հաշվի առնելով այն մոտեցումը, որը որդեգրել է պաշտպանության նախկին նախարարը, կարող ենք վստահաբար պնդել, որ Ղարաբաղի հարցով նրա մոտեցումները ոչ թե պատասխան էին Լևոն Տեր–Պետրոսյանին կամ տերպետրոսյանական պատկերացումների տիրույթում գործող Սերժ Սարգսյանին, այլ «մեսիջ»՝ ուղղված նախ և առաջ հանրությանը, որին փորձում են կեղծ մոլորության մեջ գցել, թե, իբր, Ղարաբաղն է մեղավոր, որ Հայաստանում թալան է, կոռուպցիա, անարդարություն և այլն։

Օհանյանի գրառման գլխավոր մեխն այն էր, որ Ղարաբաղի հարցը պետք չէ մանիպուլյացիաների առարկա դարձնել և Հայաստանում տիրող իրավիճակը հիմնավորել այդ հակամարտությամբ, որից պետք է շուտափույթ ու ամեն գնով ազատվել՝ հակառակորդից խաղաղություն մուրալու և կապիտուլյացիայի գնալու միջոցով։

Ըստ Օհանյանի՝ հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Երևանում ու Ստեփանակերտւմ։ Ասել է թե՝ պետք է ուշադրությունը կենտրոնացնել ներքին կյանքում դրական փոփոխությունների վրա, այլ ոչ թե կեղծ օրակարգեր առաջ քաշել։ Ներսում իրավիճակը փոխելով է միայն հնարավոր զարգացող Հայաստան ունենալ և մեր օգտին լուծել Ղարաբաղի հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը