Լրահոս

30.12.2016 13:40


Ինչպես օգտվել ամանորյա համեղ ուտեստներից և չգիրանալ. խորհուրդներ դիետոլոգից (լուսանկարներ)

Ինչպես օգտվել ամանորյա համեղ ուտեստներից և չգիրանալ. խորհուրդներ դիետոլոգից (լուսանկարներ)

Ընդամենը մեկ օրից դիմավորելու ենք տարվա ամենասպասված, ամենասիրելի և ամենահամեղ տոնը՝ Նոր տարին։ Անհնար է Ամանորի ընթացքում չգայթակղվել զանազան համեղ ուտեստներով և չփորձել դրանք, սակայն բոլորին տանջում է մեկ հարց՝ ինչպես տոների ընթացքում զերծ մնալ ավելորդ կիլոգրամներից և պահպանել կազմվածքը:

Դիետոլոգ Գայանե Շախաթունին «7օր»–ի հետ զրույցում կիսվել է Նոր տարվա օրերին ճիշտ սնվելու և չգիրանալու վերաբերյալ օգտակար խորհուրդներով՝ ընդգծելով, որ ամեն ինչ կարելի է ուտել պարզապես ճիշտ ժամերի և ճիշտ չափաբաժիններով։

Որպես «կիրթ» սնվելու տարբերակ՝ Գայանե Շախաթունին խորհուրդ է տալիս ածխաջրեր պարունակող մթերքները՝ մրգերը, չրերը, շաքար պարունակող ցանկացած ուտեստը, այդ թվում՝ թխվածքներն ու կոնֆետները, ուտել մինչև ժամը 12։00–ն։ Եթե սննդակարգում այդ օրը օգտագործում եք թխվածք, ապա փորձեք զերծ մնալ կոնֆետներից՝ թողնելով դրանք հաջորդ օրվա համար։

–Սնվելու հարցում մի ոսկե միջին կա, որը, սակայն, չի վերաբերում դեսերտին։ Միջին քաշ ունեցող անձինք (մինչև 70 կգ.) մսեղենը պետք է օգտագործեն ձեռքի ափի քանակով։ Ինչ վերաբերում է աղցաններին կամ փլավեղենին, ապա՝ 4–5 գդալ,–նշել է մասնագետը։

Ավելորդ քաշից խուսափելու համար դիտոլոգը՝ որպես կատարյալ տարբերակ, առաջարկել է ուտել ժամային ընդհատումներով և ամեն սնվելուց օգտագործել միատեսակի մթերք։

–Անգամ ամենաշատ կալորիականություն պարունակող սնունդը եթե ընդունեք 200գ–ից ոչ ավելի և առանց որևէ այլ ուտեստի հետ խառնելու, ապա կառուցվածքը չի վնասվի։ Եթե ուտում եք տոլմա, մի՛ խառնեք իշլի քյուֆթայի կամ խոզի բդի հետ։ Սնունդն ընդունելու ժամերի միջև տվեք 2,5–3 ժամ դադար։ Իսկ եթե հյուր եք գնում երեկոյան ժամերին, ապա աշխատեք ուտել միս, խորոված բանջարեղեն, քիչ ձեթ և խառը տեսակի մթերքներ պարունակող աղցաններ,–մանրամասնել է դիետոլոգը։

Գայանե Շախաթունին խորհուրդ է տալիս հյութերի փոխարեն նախընտրությունը տալ սովորական զտած ջրին։ Նրա խոսքով պետք է խուսափել ցանկացած տեսակի հյութերից՝ թե՛ գազավորված, թե՛ բնական, և անգամ տնական կոմպոտներից։

–Եթե հյութ խմելու ցանկությունը շատ ուժեղ է, ապա օգտագործեք դրանք ուտելուց 1 ժամ առաջ կամ հետո։ Իսկ ավելի ճիշտ կլինի, որպեսզի հյութ ըմպելու կարիքը հագեցնեք առավոտյան թարմ մրգերից քամված նեկտարի միջոցով՝ նարինջ, գազար, խնձոր,–ասել է Շախաթունին։

Մասնագետը կտրականապես դեմ է Նոր տարվա ընթացքում պահածոյացված մթերքներ ուտելուն։ Ըստ նրա՝ պետք է խուսափել ցանկացած պահածոյացված սննդից՝ կլինի փակ կոմպոտ, թե աղցանի մեջ օգտագործված ոլոռ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը