Լրահոս

31.12.2016 13:40


Կարեն Կարապետյանի ամանորյա ուղերձը

Կարեն Կարապետյանի ամանորյա ուղերձը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ամանորյա ուղերձ է հղել: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր այնպես է ստացվել, որ ես լինելով ձեզանից մեկը՝ հնարավորություն և պատիվ ունեմ շնորհավորելու ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը:

Սրտանց շնորհավորում և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում լինի տաք, ջերմ, լուսավոր ու սիրով լի:

Այս օրերին ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ հնարավորություն կունենաք միմյանց բազմաթիվ լավ խոսքեր, բարեմաղթանքներ ասելու, ձեր երեխաներին և թոռնիկներին գրկելու, ծնողներին մեծարելու: Ես հույս ունեմ, որ միմյանց ասված բոլոր ցանկությունները անպայմա՛ն կիրականանան:

Ցանկանում եմ նաև, որ Նոր տարվա տոներից հետո առօրյա կյանք վերադառնաք լավատեսությամբ տրամադրված, աշխատանքային նոր եռանդով, և մասնակից դառնաք մեր երկրի ապագայի կառուցմանը, այն ապագայի, որ մենք բոլորս երազում ենք:

Խոստանում եմ ձեզ, որ Կառավարությունը, իմ թիմակիցները օր ու գիշեր անմնացորդ աշխատելու են, որպեսզի մաքսիմալ իրագործվեն բոլոր այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդին։

Մի բան հստակ գիտեմ, որ այդ ամենը մենք անելո՛ւ ենք, և դրա համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ցանկությունը, կամքը և լավատեսությունը:

Սիրելի՛ ժողովուրդ,

Չի լինելու մի պահ, որ դժվարություններ ու պրոբլեմներ ընդհանրապես չլինեն: Բոլոր երկրների ու ազգերի մոտ դրանք անխուսափելի են: Նշանակո՞ւմ է դա, որ այդ դժվարություններից պետք է խեղճանանք, պետք է նեղսրտենք: Իհարկե՝ ոչ:

Հակառա՛կը՝ պետք է դեմ առ դեմ կանգնենք, լուծենք ու գնանք առաջ:

Առջևում մեզ ծանր աշխատանք է սպասվում: Խնդրում եմ ձեզ չկասկածե՛լ, որ մեր ձգտումների մեջ մենք անկեղծ ենք և գնալու ենք մինչև վերջ: Մեր ժողովուրդը միշտ արդարամիտ է: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք լսել յուրաքանչյուր քննադատություն և խորհուրդ: Պատրաստ ենք ձեզ հետ միասին, ամեն օր մի քայլ անելով, մի քար դնելով, հաստատակամ շարժվել առաջ։

Իմ ամենամեծ բարեմաղթանքը և ցանկությունն է, որ Նոր տարուց սկսած՝ ապագային նայենք ավելի վստահ և համարձակ:

Տարեմուտի այս օրը ցանկանում եմ բոլորի օջախներին սեր և ջերմություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ, բոլորիդ՝ լավ տրամադրություն»:

Այս խորագրի վերջին նյութերը