Լրահոս

29.12.2009 18:51


Հունվարի 1–ից տոնավաճառները կանցնեն հարկման նոր ռեժիմին

Հունվարի 1–ից տոնավաճառները կանցնեն հարկման նոր ռեժիմին

-Տարիներ շարունակ տոնավաճառներում ինչ ուզեցել, արել են, հիմա ընդամենն ասում ենք, որ դոլարային առևտուր երկրում չի կարելի։ Տոնավաճառներում մենք այս տարի 8000 ՀԴՄ-ներ տեղադրեցինք։ Մտածված ուժեղ վարչարարություն չենք կատարել, և ընդամենը, երբ տեսանք, որ դոլարային առևտուրը երկրում շատ է զարգանում, հատկապես տոնավաճառներում, կանխարգելում ենք,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը։

Պետեկամուտների կոմիտեի նախագահը նշել է նաև, որ հունվարի 1-ից տոնավաճառները կանցնեն հարկման նոր ռեժիմին, և ուժեղանալու է վարչարարությունը։ Հետագայում էլ, նրա խոսքերով, նախատեսվում է, որ այն ձեռնարկությունները, որոնք ՀԴՄ-ներով ուղիղ կապով հարկային մարմիններին տեղեկություն կտրամադրեն, այդ ձեռնարկություններում ստուգումներ չեն անցկացվի։

Ինչ վերաբերում է ՀԴՄ կտրոնների խաղարկությանը, Գագիկ Խաչատրյանն ասել է, որ այդ խաղարկությունից 12 մլրդ դրամի ակնկալիք կա։ Նա նշել է, որ բոնուսային համակարգն աշխարհում լավագույն փորձված ձևն է, սակայն ՀՀ-ում կան խմբեր, որոնց նպատակը ցանկացած լավ գործառույթ վարկաբեկելն է։

-Այսօր 180 հազ քաղաքացի հանրապետությունում բոնուսային համակարգի միջոցով գումար է ստանում պետությունից։ 3,8 մլրդ գումար ենք տվել, 12 մլրդ դրամի ակնկալիք ունենք, դրա ի՞նչն է վատը, կարո՞ղ եք ասել,- նշել է նա։  

Նա նշել է նաև, որ միակ վատ կողմն այն է, որ հարկային համակարգը և այլ կառույցներ պատրաստ չէին, սակայն հապաղել չէր կարելի։

Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ բոնուսային համակարգը շարունակելու է գործել, ժողովուրդն իր գումարները ստանալու է, համակարգն ավելի է զարգացվելու, և ճգնաժամի պայմաններում սրբագրումներ են արվելու։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը