Լրահոս

08.01.2017 20:33


Մուսալեռում մահացած ամուսիններն իրենց 4 ամսական երեխայի հետ հյուր էին եկել մոր տուն. նոր մանրամասներ

Մուսալեռում մահացած ամուսիններն իրենց 4 ամսական երեխայի հետ հյուր էին եկել մոր տուն. նոր մանրամասներ

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում այսօր` հունվարի 6-ին, գազի արտահոսքի հետեւանքով մահացած ամուսիններն իրենց 4-ամսեկան երեխայի հետ Եղվարդից հյուր էին եկել մոր տուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ մահացած Հրաչյա Բաղդասարյանի մայրը վարձակալել է բնակարանը եւ ընդամենը մի քանի ամիս է ապրում Մուսալեռում: Իսկ նրա որդին, հարսն ու թոռնիկը տոնական օրերին նրան հյուր էին եկել:

«Դեպքի պահին մայրը տանը չի եղել, դեռ չգիտենք, թե որտեղ է եղել: Ասում են` գազի վառարանն առանց խողովակի են դրել եւ գազի արտահոսք է եղել, ինչի հետեւանքով էլ մահացել են»,- ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ հարեւանները պատմել են, թե մայրը վերադարձել է տուն, բնակարանի դուռը ոչ ոք չի բացել, զանգերին չեն պատասխանել, եւ նա դիմել է հարեւանների օգնությանը: «Գազի հոտ են զգացել, զանգել են փրկարարներին, դուռը բացել եւ ընտանիքին մահացած են հայտնաբերել: Մանրամասները դեռ պարզ չեն, այժմ իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում»,-ասաց նա:

Մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը եւ 4 ամսական Ասյա Բաղդասարյանը։

Մանրամասները՝ NEWS.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը