Լրահոս

08.11.2010 15:10


Հրայր Կարապետյան. «Անկեղծ ասեմ՝ ամեն զորակոչին մի 100–ից ավելի զանգ ենք ստանում»

Հրայր Կարապետյան. «Անկեղծ ասեմ՝ ամեն զորակոչին մի 100–ից ավելի զանգ ենք ստանում»

Վերջերս ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը զորամասերում ստուգատես է անցկացրել։ «Դե ֆակտո» ակումբում անդրադառնալով Զինված ուժերին վերաբերող հարցերին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ասել է, որ Զինված ուժերը բարեփոխման գործընթացի մեջ են։  Բանախոսը նշել է դրանցից հատկապես օրենսդրության բացերը վերացնելու ոլորտը և այդ համատեքստում կարևորել Զինված ուժերի կարգապահական կանոնագրի՝ օրենքի ուժ սատանալու հանգամանքը։

Հրայր Կարապետյանն ընգծել է, որ մինչ այսօր Զինված ուժերն օրենքով կանոնագիրք չունեն, և հարաբերությունները բանակում կարգավորվում են 1996թ. կառավարության որոշումով։ Այսինքն բանակում կարգապահական իմաստով օրենք չի գործում։

-Այժմ այդ նախագիծն ուղարկվել է միջազգային փորձաքննության, պատասխանը կարճ ժամկետներում ստանալուց հետո հանձնաժողովը ևս մեկ անգամ լսումներ կանցկացնի, և վերջնականում կունենանք օրենք Զինված ուժերի կարգապահական կանոնակարգի մասին։ Սա նշանակում է, որ այսուհետև օրենքով են հարաբերությունները կարգավորվում բանակում, սա նշանակում է, որ հրամանատարները օրենքով պետք է իմանան իրենց իրավունքները, լիազորությունները և պարտականությունները, օրենքով սահմանվում է նաև զինվորների իրավունքների պաշտպանության հարցը,-ասել է ԱԺ պատգամավորը։

Այդուհանդերձ նա նշել է, որ ճիշտ չէ պատկերացնել, թե կանոնակարգն օրենքով ընդունելուց հետո բոլոր խնդիրները կվերանան, դա ընդամենը ճանապարհներից մեկն է։

-Մենք ունենք բազմաթիվ սպաներ, որոնք արժանի չեն հայ սպայի կոչմանը, արժանի չեն ուղղակիորեն։ Նրանք փոխանակ իրենց պարտքը կատարելու, սպայի պատիվը բարձր պահելու, դրամաշորթությամբ են զբաղվում, կոռուպցիոն գործունեություն են ծավալում, հովանավորչությամբ և այլն։ Անկախ նրանց ծառայություններից, թե տարիներ առաջ ինչ են արել հայրենիքի համար, եթե այսօր նրանք չեն համապատասխանում սպայի կոչմանը, պետք է այդ տեղում չլինեն։ Սա է մոտեցումը թե՛ պաշտպանության նախարարի, թե՛ մեր հանձնաժողովի,-ընդգծել է նա։

Անդրադառնալով ստուգատեսի ժամանակ ի հայտ եկած խնդիրներին, Հ. Կարապետյանն ասել է, որ սննդի առումով բավական առաջընթաց կա, որակը գնալով լավանում է, սակայն կան նաև շատ խնդիրներ, մասնավորապես՝ 18 տարեկան զորակոչիկն ընդհանրապես չի տիրապետում զենքին, դեռևս մեծ դեր է խաղում հովանավորչությունը և այլն։

-Անկեղծ ասեմ, ամեն զորակոչի մի 100-ից ավելի զանգ ենք ստանում, միջնորդություններ ենք ստանում։ Դա դեռ ես եմ ստանում, որ գործադիր չեմ, ես չեմ որոշողը, թե ով որտեղ պետք է լինի։ Պատկերացնում եմ, թե որոշողներն ինչքան են ստանում միջնորդություններ,-ասել է նա։

Վերջին շրջանում, Հ. Կարապետյանի խոսքերով, Ադրբեջանական դիվերսիաներից և բանակում տեղի ունեցած դեպքերից հետո ծնողների շրջանում անհանգստություններ են նկատվում հատկապես սահմանին ծառայելու վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ այս տեսանկյունից պետք է աշխատանք տանել նաև ծնողների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը