Լրահոս

11.01.2017 13:15


Թագուհի Ստեփանյան. «Սննդային թունավորման դեպքեր ամանորյա օրերին չեն գրանցվել»

Թագուհի Ստեփանյան. «Սննդային թունավորման դեպքեր ամանորյա օրերին չեն գրանցվել»

–Ամանորյա տոների ընթացքում 7544 կանչ է գրանցվել՝ անցած տարվա համեմատ 971 կանչով ավելի քիչ,–այս մասին հունվարի 11–ին լրագրողների հետ զրույցում ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ հավելելով, որ տոն օրերին սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 30-ից մինչ այսօր տրավմաների համար եղել է 24 կանչ, որը վերաբերել է նաև վթարներից ստացած վնասվածքներին, որոնց թիվը նախորդ տարում ավելի է եղել։

Ամփոփելով 2016թ. ընթացքում կատարած աշխատանքները՝ Թագուհի Ստեփանյանը հայտնել է, որ անցած տարի կատարել են 247 496 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 49 432 հիվանդ, մանկական կանչերը եղել են 25 270-ը, և հիվանդանոց է տեղափոխվել 9 109 երեխա:

–Հիմնական կանչերը եղել են սիրտանոթային հիվանդություններով տառապող հիվանդների կողմից, այնուհետև` սուր շնչառական հիվանդություններով տառապողները և հետո վնասվածքները։ Անցյալ 2016թ–ին, 2015թ. համեմատ, սիրտանոթային հիվանդությունների տոկոսը պակասել է, սակայն բարձրացել է սուր շնչառական հավանությունների և վնասվածքների քանակը,–պարզաբանել է Ստեփանյանը։

Նա ասել է, որ միջինը օրական կատարում են 700-750 կանչ, սակայն հիվանդանոց տեղափոխվում է 120-150 հիվանդ՝ 15–20%-ը, ինչը ցույց է տալիս, որ ոչ բոլոր կանչերն են շտապօգնության կանչեր, և երևի պայմանավորված են այն հանգամանքով, որ մարդիկ ավելի շատ գերադասում են շտապօգնություն դիմել։

–Մայրաքաղաքը սպասարկում է 36 շտապօգնության մեքենա, բժիշկները հիվանդի մոտ պետք է մնան 20 րոպե։ Հատկապես կարևորվում է անհետաձգելի հիվանդներին հասնելու հարցը։ Նման դեպքերում շտապօգնության մեքենան պետք է հիվանդին հասնի 9-10 րոպեի ընթացքում,–եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը