Լրահոս

12.01.2017 14:15


2016–ին գազից թունավորման դեպքերն աճել են

2016–ին գազից թունավորման դեպքերն աճել են

Հունվարի 12–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ այս տարի գազից թունավորման դեպքերը, նախորդ տարվա համեմատ, աճել են։

Նրա խոսքով՝ 2015 թ. գրանցվել է պատահարների 39 դեպք, որի հետևանքով մահացել է 6 մարդ, իսկ այս տարի պատահարների թիվը կազմել է 47, զոհերինը՝ 10։

–Պատահարների հիմքում մարդկանց անփութությունն է։ Հիմնականում դա էլեկտրական սնուցումից անջատված անվտանգության համակարգերն են, լաթով փակված օդատար ուղիներն են, առանց ծխատարի միացման գազօգտագործումը և այլն,– մեկնաբանել է Գրիգորյանը՝ հավելելով, որ գազի թունավորման դեպքերն ամենից շատ գրանցվում են Շիրակի մարզում, Աբովյանում և Երևանում:

«Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանն էլ նշել, որ գումար խնայելու նպատակով բաժանորդներն անվտանգության համակարգերը էլեկտրական սնուցումից անջատում են, իսկ դա ամսական ընդամենը 25 դրամ է գրում։

Նալբանդյանը հորդորել է տանը գազի օգտագործման հետ կապված ցանկացած գործողություն անել մասնագետի հետ:

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի խոսքով՝ շատ քաղաքացիներ գազ են վառում գազի համար չնախատեսված վառարաններով, օրինակ՝ փայտի:

–ԱԻՆ ծառայությունը Ամանորի տոնական օրերին գազից թունավորման 10 ահազանգ է ստացել: Բարեբախտաբար, գազից պայթյունների դեպքերը հանրապետությունում վերջին տարիներին նվազել են,–ասել է Սերգեյ Հայրապետյանը՝ հավելելով, թե դա չի նշանակում, որ պետք է հանգիստ լինենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը