Լրահոս

08.11.2010 17:33


Հայ-վրացական սահմանակետերի արդիականացումն առաջնային պահանջ է երկու երկրների համար

Մաքսակետերի արդիականացման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են. բարեփոխումների ժամանակացույցը քննարկելու նպատակով այստեղ է Վրաստանի պատվիրակությունը:

Օրերս հայ-վրացական սահմանակետեր ՀՀ նախագահի այցելության ժամանակ քննարկվել էր դրանց արդիականացման և ժամանանակակից չափանիշներին համապատասխանեցման խնդիրը, ինչը ենթադրում է նաև հայ-վրացական սերտ համագործակցություն և գործողությունների կոնկրետ ժամանակացույցի մշակում: Դրան առնչվող բոլոր հարցերը տեղում  առավել մանրամասն քննարկելու և հետագա քայլերը ծրագրելու նպատակով Հայաստան են այցելել Վրաստանի ֆինանսների նախարարն ու նրա գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բայնդուրաշվիլին նշել է. «Շատ ուրախ եմ, որ արդեն Հայաստանում ենք և հնարավորություն ունենք քննարկելու համատեղ աշխատանքների մանրամասները: Համոզված եմ, որ մենք արդյունավետ կհամագործակցենք բոլոր անհրաժեշտ հարցերի վերաբերյալ»:

Վրաստանի Ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ երկու երկրների նախագահներն արդեն խոսել են անհրաժեշտ առաջարկությունների, ձեռնարկվելիք միջոցառումների մասին և վրացական պատվիրակությունն այստեղ է' միջոցառումների կոնկրետ ժամանակացուցյը քննարկելու նպատակով. «Կցանկանայի, որպեսզի հայ-վրացական մաքսային ծառայությունների այս համագործակցությունն օրինակելի լինի տարածաշրջանի երկրների համար»,- նշել է Կախա Բայնդուրաշվիլին,-«պետական մակարդակով քննարկումներն արդեն ընթանում են, և  մյուս ամսից կսկսենք սահմանների համալիր կառավարման գործընթացը»:

ՊԵկ նախագահ Գագիկ Խաչատրյանը, կարևորելով վրացական կողմի հետ տարվող աշխատանքները հայ-վրացական մաքսակետերի արդիականացման գործում, ընդգծել է երկու երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման և մի շարք այլ կարևոր հարցեր, որոնք ներառվելու են միջոցառումների ժամանակացույցում. «Հարկավոր է հնարավորինս  հարմարավետ պայմաններ ստեղծել սահմանային անցակետերից օգտվող քաղաքացիների համար, արդիականացնել սահմանների համալիր կառավարման ընթացակարգերը: Համոզված եմ, որ  շուտով մեր գործարարները և քաղաքացիները կզգան միջազգային չափանիշներին համապատասխանող բարեփոխումները»:   

Այս խորագրի վերջին նյութերը