Լրահոս

09.11.2010 13:12


Քաղաքագետ. «Թուրքիայի ռազմավարական այդ փաստաթուղթը միշտ գաղտնի է եղել»

Քաղաքագետ. «Թուրքիայի ռազմավարական այդ փաստաթուղթը միշտ գաղտնի է եղել»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից Հայաստանին հանելու վերաբերյալ տեղեկատվության մասին՝ ասել է, թե հնարավոր է՝ Հայաստանը երբեք էլ չի եղել այդ փաստաթղթի մեջ։

-Թուրքիայի ռազմավարական այդ փաստաթուղթը պատմության ընթացքում միշտ գաղտնի է եղել, և այնտեղ պետությունների առկայությունն ու բացակայությունը սովորաբար հայտնի է դարձել տեղեկատվական արտահոսք ապահովելու միջոցով։ 5 տարին մեկ փոխվում է այդ փաստաթուղթը, և 5 տարին մեկ էլ արտահոսքեր են լինում, թե որ պետությունն է ավելացել և որն է պակասել։ Եթե մենք նայենք նախորդ բոլոր արտահոսքերի ընթացքին, ապա կտեսնենք, որ Հայաստանն այնտեղ երբեք չի նշվել ո՛չ որպես վտանգ, ո՛չ որպես սպառնալիք ներկայացնող երկիր և ո՛չ որպես դաշնակից։ Այս անգամ Հայաստանի անունը արծարծվեց, և տեսանք,  որ, իբրև թե, դուրս են հանել։ Իմ կարծիքով՝ սա բացառապես PR ակցիա է, որը հիմնականում  ուղղված է Իսրայելի դեմ,-նշել  է նա։

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ նման տեղեկատվական արտահոսքով Թուրքիան փորձում է տարածաշրջանում իր գերակայությունները ցույց տալ և Իսրայելին հասկացնել, որ ինքը մյուսների հետ բարելավելով իր հարաբերությունները՝ կարող է զսպել Իսրայելի գործողությունները։

-Եթե Թուրքիան Հայաստանի հետ ուզում է բարելավել հարաբերությունները, ապա մեր կողմից այդ  պայմանները հստակ ասված են։ Դա հայ-թրքկան ստորագրված արձանագրությունների առանց նախապայմանների վավերացումն է և Թուրքիայի ներսում Ցեղասպանության ճանաչմանն  ուղղված ինչ-որ գործընթացների սկսումը։ Քանի դեռ այս ամենը չի եղել, մենք պետք  է ասենք, որ հերթական քարոզչությունն է իրականացվում, որով Թուրքիան ուզում է ներկայանալ աշխարհին իբրև խաղաղասեր և հանդուրժող երկիր,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը