Լրահոս

09.11.2010 15:15


Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահն ընդգծել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը և գոհունակությամբ նշել, որ Նախագահ Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում  երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի են կոչվում: Հանրապետության ղեկավարը խոսել է, հատկապես, տարածաշրջանների միջև ուղղակի  կապերի հաստատման և համագործակցության ընդլյանման մասին, որի օրինակներից մեկն էլ Ռոստովի մարզի նահանգապետի այցն է մեր երկիր:

Նախագահ Սարգսյանի խոսքով' Ռուսաստանի մարզերն իրենց տնտեսական հնարավորություններով և տարբեր ոլորտներում համագործակցության ներուժով Հայաստանի մարզերի համար հուսալի և լավ գործընկեր կարող են լինել: Հանրապետության ղեկավարը տարածաշրջանների միջև փոխգործակցության զարգացման գործում կարևորել է նաև ՌԴ մարզերում բնակվող մեծաթիվ հայերի դերը: 

Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը գործնական և արդյունավետ է համարել Հայաստանում իր ունեցած հանդիպումներն ու քննարկումները' նշելով, որ տարբեր ոլորտներում արդեն ձեռք են բերվել համագործակցության որոշակի պայմանավորվածություններ:  Վասիլի Գոլուբևի համոզմամբ, Հայաստանի և Ռոստովի մարզի միջև գյուղատնտեսության, արդյունաբերության, գիտության, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությունը հեռանկարային է:  ՌԴ նահանգապետը կարևորել է Հայաստանում Ռոստովի մարզի օրերի անցկացումը, որի շրջանակներում կներկայացվի իր ղեկավարած մարզի հնարավորություններն ու համագործակցության ամբողջ ներուժը:   

Այս խորագրի վերջին նյութերը