Լրահոս

10.11.2010 09:11


«Սարգիս Տխրունի». «Երիտասարդների արտագաղթը Հայաստանից հասնում է ահռելի տեմպերի»

Նոյեմբերի 10-ն Երիտասարդության համաշխարհային օրն է: Շնորհավորելով հայ երիտասարդներին' Հնչակյան կուսակցության  «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունն արձանագրում է.

1. Հայաստանի երիտասարդական քաղաքականությունը չի տարածվել և չի տարածվում երիտասարդական լայն շերտերի վրա, այլ ընդգրկում է այսպես կոչված «արտոնյալ խավին»: Չկա համակարգված երիտասարդական քաղաքականություն, որը ամուր կկապի հայ երիտասարդին իր Հայրենի հողին:

2. Վերջին երկու տասնամյակներում երիտասարդների արտագաղթը Հայաստանից հասնում է ահռելի տեմպերի, ինչն ուղղակիորեն վտանգում է  մեր երկրի ազգային անվտանգությունը:

3. Հայաստանում մնացած երիտասարդների մի ստվար հատված չի կարողանում աշխատանք գտնել' այսկերպ իր հանապազօրյա հացը վաստակելու համար:

4. Բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած երիտասարդներից շատերը հնարավորություն չունեն իրենց մասնագիտական կրթությամբ զբաղվածություն գտնել և ստիպված են լինում Հայրենիքից դուրս աշխատանքի տեղավորման մասին մտածել:

5. Կոռուպցիոն դրսևորումները, ծանոթ-բարեկամով աշխատանք գտնելը նորություն չէ մեր հասարակության համար և ուղղակի  բացասական դրսևորում ունի նաև հայ երիտասարդի վրա:

6. Երիտասարդ ընտանիքներին քաջալերող բոլոր ծրագրերը շատ փոքր տարածում ունեն, և մեծ հաշվով նորաստեղծ ընտանիքը չի կարողանում զգալ իր հետևում պետության աջակցությունը:

Չնայած այս ամենին, Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը շնորհավորում է Հայ երիտասարդին տոնի կապակցությամբ, ինչպես նաև հիշեցնում բոլորին, որ երիտասարդությունն է հասարակության շարժիչ ուժը, որի նկատմամբ հոգածությունը, պետական իրական քաղաքականության մշակումն օրվա հրամայականն է:

Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

Այս խորագրի վերջին նյութերը