Լրահոս

28.01.2017 09:54


Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 09:30-ի դրությամբ՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վայք - Ջերմուկ, Բերդ - Ճամբարակ և Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքները:

Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի - Նոր Գեղի, Գորիս - Սիսիան ճանապարհահատվածներում մերկասառույց է:

Բքի պատճառով դժվարանցանելի են Ջաջուռի լեռնանցքը, Գյումրի - Կապս - Ամասիա, Արթիկ - Ալագյազ, Արթիկ - Մարալիկ, Եղվարդ - Արագյուղ, Նոր Գեղի - Քարաշաղ ճանապարհահատվածները:

Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններին և Չարենցավանի հատվածում բուք է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը