Լրահոս

10.11.2010 16:49


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

Նոյեմբերի 10-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց 1947 թ. նոյեմբերի 21-ին Նյու Յորքում ստորագրված «Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին» կոնվենցիան (կից վերապահումով), որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Նշվեց, որ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների արտոնությունների եւ անձեռնմխելիությունների մասին կոնվենցիան ստորագրվել է 1947 թ. նոյեմբերի 21-ին եւ ուժի մեջ է մտել 1948 թ. դեկտեմբերի 2-ին: Պարոն Կիրակոսյանը կարեւորեց կոնվենցիայի վավերացումը' հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում գործում են ՄԱԿ-ի մի շարք մասնագիտացված գործակալություններ: Ըստ նրա' յուրաքանչյուր պետություն, անդամակցելով սույն կոնվենցիայով նախատեսված որեւէ մասնագիտացված գործակալությանը, դրա նկատմամբ ապահովում է ստանդարտ հոդվածներով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունները:

2010 թ. հունիսի 25-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Համաձայնագրի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների ներդրողների համար' նպաստելով գործարար նախաձեռնությունների ընդլայնմանը:

Քննարկված միջազգային պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Առաջին ընթերցման ընթացակարգով ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը քննարկման ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրինագծերի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանների նշանակման, ազատման եւ պաշտոնավարման ժամկետները, պարզեցնել արտաքին մրցույթով դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համալրման մեխանիզմը, սահմանել նոր դիվանագիտական աստիճաններ, վերանայել ռոտացիայի ժամկետները, բարձրացնել դիվանագետների պատասխանատվությունը, բարելավել նրանց սոցիալական վիճակը, դիվանագետների պատրաստման եւ վերապատրաստման նպատակով դիվանագիտական դպրոց հիմնադրել: Ըստ հիմնական զեկուցողի' օրենսդրական փոփոխությունները թույլ կտան էլ ավելի զարգացնել դիվանագիտական ծառայության համակարգը, պատասխանատվության բարձրացման եւ լրացուցիչ սոցիալական երաշխիքների միջոցով ավելի կայունացնել ծառայությունը եւ բարձրացնել նրա որակը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրենսդրական փաթեթը կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մինչեւ 15 օրով հետաձգվեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1992 թթ. ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում' ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Այս խորագրի վերջին նյութերը