Լրահոս

11.11.2010 10:14


ՀՀ արտգործնախարարին ընդունել է Հնդկաստանի փոխնախագահը

ՀՀ արտգործնախարարին ընդունել է Հնդկաստանի փոխնախագահը

Նոյեմբերի 10-ին մեկնարկեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Հնդկաստան:

Նյու Դելիում ՀՀ արտգործնախարարին ընդունեց Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամադ Համիդ Անսարին:

Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ Հնդկաստանի փոխնախագահն ասաց, որ իր երկիրը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման համար եւ արտգործնախարարի այցելությունը լավ առիթ է ի մի բերելու երկկողմ հարաբերություններում արձանագրված արդյունքները եւ համագործակցության նոր ծրագրեր մշակելու:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն  է տալիս' աշխարհի կարեւորագույն երկրներից մեկի' բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը, եւ իր այցելության գլխավոր նպատակը հենց դա է:

Զրուցակիցներն ընդգծեցին քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը' այդ ենթատեքստում կարեւորելով բարձր մակարդակի այցելությունների կազմակերպումը:   

Հնդկաստանի փոխնախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ տնտեսական եւ մշակութային կապերի խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը' գործարարների միջեւ շփումների ակտիվացման, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, գյուղատնտեսության, առողջապահության բնագավառներում փոխգործակցության առավել խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները:

Հնդկաստանի փոխնախագահի խնդրանքով' ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվեց, որ առկա խնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարն հանդիպեց Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի գլխավոր տնօրեն Սուրեշ Գոելին:

Հանդիպման ժամանակ մանրամասն անդրադարձ կատարվեց հումանիտար բնագավառում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Քննարկվեցին Հայաստանում Հնդկական մշակութային կենտրոնի բացման, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի միջեւ համագործակցության, կրթական փոխանակումների աշխուժացման, Հայաստանի ԲՈՒՀ-երից մեկում հնդկական ուսումնասիրությունների ամբիոնի բացման, Հայաստանում Հնդկաստանի մշակութային սեզոնի անցկացման վերաբեյալ հարցեր: 

Նյու Դելիում Էդվարդ Նալբանդյանը նաեւ ծավալուն հարցազրույց տվեց "Asian Age" հեղինակավոր պարբերականին: 

Նոյեմբերի 11-ին նախատեսված են Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների բանակցությունները, Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհրդում, ինչպես նաեւ հարցազրույցը Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը:

Այս խորագրի վերջին նյութերը