Լրահոս

06.02.2017 16:58


«Սփյուռքի մասնակցությունը դիտորդական միջոցառումներով միայն մեկանգամյա մասնակցություն չէ» (տեսանյութ)

«Սփյուռքի մասնակցությունը դիտորդական միջոցառումներով միայն մեկանգամյա մասնակցություն չէ» (տեսանյութ)

Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասներ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սփյուռքի ներկայացուցիչների կողմից Հայաստանում իրականացվող դիտորդական առաքելության մասին:

«Ազատություն»․ - Ատոմ Էգոյանը՝ Ձեր ամուսինը, որ նաև այս նախաձեռնության նախաձեռնողներից է, ասաց՝ «անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նաև փողոցներում նստել: Սա ի՞նչ է նշանակում, արդյոք այս նախաձեռնությունը հնարավո՞ր է՝ դուրս գա փողոցային պայքարի, եթե լինեն հետընտրական գործընթացներ, օրինակ՝ մի կուսակցություն հայտարարի, որ ընտրությունները կեղծվել են և սկսի հանրահավաքներ անել, ինչը սովորաբար լինում է Հայաստանում համապետական ընտրություններից հետո: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Դուք հնարավոր է՝ աջակցեք այդ կուսակցությանը կամ շարժմանը: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում այդ փողոցներում նստելը:

Արսինե Խանջյան․ - Ատոմի ասածը անգլերենով, և ես նաև հետևեցի հայերեն թարգմանությամբ, շատ հստակ է՝ այս պահից ամեն ձևով մենք պետք է մասնակից դառնանք ընտրությունների իրողությանը: Եթե պետք է նույնիսկ դուրս գանք, ուրեմն պետք է դուրս գանք: Բայց մենք չենք դա որոշողը, մենք՝ Սփյուռքը, ստիպված ենք անդրադառնալու, թե ժողովրդի մոտ ինչ կպատահի, ինչ ձևավորումներ կլինեն, ինչ շարժումներ կլինեն:

«Ազատություն»․ - Այսինքն՝ Դուք կաջակցեք ժողովրդի ցանկությա՞նը:

Արսինե Խանջյան․ - Եթե այդ պահին ժողովրդի պահանջը մեզանից մեր աջակցությունն է, մենք պետք է աջակցենք և լսենք: Եվ պետք է աջակցենք պարզապես աջակցելու համար, այլ լսելով, հասկանալով՝ արդյո՞ք պահանջներ ճիշտ են, տեղին են:

«Ազատություն»․ - Դիտորդությունից հետո արդյոք արդեն պլանավորե՞լ եք՝ ինչ եք անելու, թե ըստ զարգացման կտեսնեք: Այսինքն՝ հիմա պատկերացնո՞ւմ եք ինչ է լինելու ապրիլի 2-ից, կամ եթե այլ օր տեղափոխվի՝ այդ ընտրության օրվանից հետո:

Արսինե Խանջյան․ - Սփյուռքի մասնակցությունը դիտորդական միջոցառումներով միայն մեկանգամյա մասնակցություն չէ: Այսինքն՝ ապրիլի 2-ին կգան նրանք, ովքեր կցանկանան և այլն: Գաղափարը դա չէր: Գոնե մեր ընկալմամբ՝ ապրիլի 2-ի մասնակցությունը կոնկրետ մի բան է, բայց հավատում եմ, որ Սփյուռքի մասնակցությունը ապրիլի 2-ից հետո է՛լ ավելի պիտի մեծանա: Սփյուռքի մասնակցությունը պետք է դառնա իսկապես անհատական հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ, և այս գործունեությունը ո՛չ մեկ օրից, ո՛չ երկու օրից, ո՛չ էլ մեկ ընտրությունների մասնակցությամբ պիտի ամեն ինչ գեղեցկացնի: Կարծում եմ ժամանակ պետք է տրամադրել, և հավատալ, որ փոփոխությունը կարելի է այս քայլերով:

Մանրամասն՝ «Azatutyun.am»-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը