Լրահոս

11.11.2010 11:03


Ապօրինի գործունեությունը կասեցվել է

ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Արարատի բաժնի աշխատակիցները' հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում հայտնաբերել են ատամնաբուժական ծառայություններ մատուցող չորս տնտեսվարող սուբյեկտներ, որոնք գործել են հարկային դաշտից դուրս' Արարատ և Վեդի քաղաքներում:

Շուրջ մեկուկես ամիս տևած ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն դրամի վնաս:

Իսկ Օպերատիվ հետախուզության վարչության Կոտայքի բաժնի աշխատակիցները Գառնի գյուղում  հայտնաբերել են ապօրինի առևտրի կետ, իսկ Աբովյանում'  գիշերային ակումբ: Ապօրինի ձեռնարկատիրությունը կազմակերպել էր մի դեպքում Աբովյանի բնակիչ Ա.Սահակյանը, մյուս դեպքում էլ' մայրաքաղաքի բնակիչ Լ.Վարդևարյանը:

Նրանց նկատմամբ հաշվարկվել է հարկային պարտավորություն և ներկայացվել վարչական պատասխանատվության:

Մեկ այլ բացահայտում էլ կատարել են օպերատիվ հետախուզության վարչության Խորհրդայինի բաժնի աշխատակիցները' տարածքային հարկային տեսչության հետ համատեղ: Նոր Նորքի 9-րդ զանգվածում հայտնաբերվել է գյուղմթերքի տոնավաճառ: Պարզվել է, որ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը քաղաքացի Ս.Վարդանյանն է, ով առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի գործունեությունը ծավալել էր այս տարվա սեպտեմբերից: Նաև պարզ է դարձել, որ գյուղմթերք վաճառողները Վարդանյանին օրավարձ են վճարել:

Ապօրինի գործունեությունը կասեցվել է: Թաքցված հարկերի չափը ճշտվում է:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը