Լրահոս

11.11.2010 13:06


Իրանական քաղաքական շաբաթ

Ներքաղաքական ասպարեզում իրանական տարբեր վերլուծաբաններ վերջերս փորձում են իշխող քաղաքական հոսանքի արմատական պահպանողականների շարքերում կոտորակումների մասին ավելիով բարձրաձայնել: Ըստ նույն վերլուծաբանների՝ արմատականների հինգ թեւեր են գոյացել՝ մասնավորապես Ահմադինեժադի նախագահական 2-րդ քառամյա շրջանից սկսյալ: Դրանք են.

1-Ահմադինեժադ՝ հետեւողներ մինուս իր թիվ 1 խորհրդական Ռահիմ Մաշայիի (հիշյալը նույն հետեւորդների կողմից հռչակված է նույնիսկ որպես «հերետիկոս»... հիշենք նաեւ, որ Մաշային Ահմադինեժադի կողմից 2-րդ շրջանի փոխնախագահ էր առաջադրվել, որը յուրայինների մեծ բողոքների արդյունքում՝ հոգեւոր առաջնորդ Խամենեիի հրամանագրով իսկ նախագահն զերծ պահվեց նման քայլից): Մաշային, սակայն, նախագահականից դուրս չդրվեց եւ Ահմադինեժադի նշանակմամբ իսկ՝ դարձավ նախագահի խորհրդական եւ աշխատակազմի ղեկավար: Նրա դեմ վերջին շրջանի բողոքների առիթներ են հանդիսանում իր ինչ-որ տեղ □ազգայնական□ գաղափարների գերագնահատման կամ դրանք իսլամի գաղափարներին զուգորդելու տարբեր հայտարարությունները, զորօրինակ՝ իսլամական շիա աղանդում □իրանական ակունքներ□-ի □թեզը□...

2-Ահմադինեժադ՝  պլյուս Մաշայիի հետեւորդներ,

3-Ավանդական աջեր (պահպանողական),

4-Ծայրահեղ արմատականներ,

5-Չափավոր արմատականներ

Ահավասիկ, վերջին ժամանակաշրջանում վերոգրյալ հինգ թեւերի հակամարտությունների բազմաթիվ դրսեւորումները այնքան են հաճախակի դարձել ու բարձրաձայնվում, որ նույնինքն հոգեւոր առաջնորդ այաթօլլահ Խամենեին նպատակահարմար զգաց արձագանգել ու հորդորանքներով մեկ կողմից օրենսդիրին, իսկ մյուս կողմից գործադիրին զգոնության ու զգաստության հրավիրել: Այժմ, սակայն, օրենսդիր-գործադիր հակամարտությունները փոխադրվել են վերնախավի մեծամասնական՝ արմատականների շարքերի մեջ իսկ, որն էլ իր արձագանքներն է ունենում թէ՛ խորհրդարանում, եւ թէ՛ կառավարությունում: Իսկ պարզ է՝ տարաձայնությունների առանցքը նախագահ Ահմադինեժադի եւ առհասարակ կառավարության ներքին սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է, իսկ արտաքին քաղաքական ոլորտում Ահմադինեժադի գլխավորած կառավարության հիմնական ընդդիմադիրները ավելիով բարեկարգչական հոսանքի ներկայացուցիչներն են, որոնք ինչ խոսք՝ 2009-ի նախագահական ընտրություններից հետո՝ դադարել են քաղաքական ռեալ ուժ կամ մրցակից լինելուց եւ այժմ շատ պարագաներում (որպես փոքրամասնություն) խորհրդարանում միանում են չափավոր արմատականների (կառավարությանը քննադատող) դիրքորոշումներին:

Ներքին սոցյալ-տնտեսական ոլորտում հատկանշական զարգացումը առաջնահերթորեն հանդիսանում է «Սուբսիդների նպատակասլաց հատկացումների» չարչրկված հարցը, որն արդեն երկար վայրիվերումներից հետո՝ գործադրական փուլ է թեւակոխել եւ որ դա լինելով համերկրային մասշտաբով տնտեսական խորքային փոփոխություններ ենթադրող քաղաքականություն, տարակարծությունների ու վիճարկությունների լայն դուռ է բացել հենց վերոգրյալ թեւերի համար, որոնք բոլորը ժամանակին հովանավորել են սուր վեճերի առարկա սույն քաղաքականության հեղինակ նույնինքն Ահմադինեժադին: Վերջինս, սակայն, □սուբսիդային□ ծանրաշարժ, բայց հիմնավոր գործընթացում մնում է անդրդվելի եւ որ կարեւոր է՝ վայելում է թէ՛ այաթ. Խամենեիի, եւ թէ՛ ժողովրդական լայն զանգվածների հովանավորությունը, քանզի տնտեսական ու ֆինանսական սուբսիդավորումները միտում են բարելավել հասարակայնության սոցիալապես ավելի թույլ ու տկար խավերի տնտեսական վիճակը, քան՝ հարուստ ու բարձր եկամուտներով օժտված խավերի ներկայացուցիչներին, որոնց համար մշտապես նշանակություն էլ չի ունեցել ու չունի այժմ, ասենք, կենսամակարդակի բարձրացման, սղաճի ու առհասարակ տարբեր ապրանքների թանկացման հետեւանքով ստեղծվող պայմանները:

 

* * *

Գալով անցնող շաբաթվա ընթացքում արտաքին քաղաքական ասպարեզում Իրանի դիմագրաված մարտահրավերներին՝ պետք է ընդգծել, որ համեմատ մոտ անցյալի քաղաքական-քարոզչական սպառնալիքների՝ այժմ ավելիով  ու գնալով իրեն զգացնել տալու միտում է պարունակում նույն քաղաքական մարտահրավէրի (միջուկային ծրագրի) հետեւանքով արտաքին տնտեսական սպառնալիքը՝ էմբարգոների ու տնտեսական շրջափակումների տեսքով:

Այս սպառնալիքները, սակայն, Իրանը ի դեմս նախագահ Ահմադինեժադի՝ առ ոչինչ բնութագրեց, երբ իր հերթական նահանգային այցելություններից մեկի ընթացքում հայտարարեց պետական գանձարանում առգո հարյուր միլիարդ դոլարի խնայողական ռեսուրսի մասին, որն ինչպես նախագահը բնութագրեց՝ ապահովելու է երկրի ներտնտեսական կարգուսարքը՝ արտաքին ճնշումների դիմաց: Եւ դեռ ավելին՝ նախագահ Ահմադինեժադը նույնիսկ չխորշեց Ռուսաստանին նաեւ կշտամբելուց՝ վերջնիս խոստումնազանց կեցվածքին ի տես՝ կապված S-300 հրթիռակայանների պայմանագրի բեկանմանը, երբ ուղղակիորեն սպառնաց ռուսներին, որ «կդադարեցնի համագործակցությունները»: Այս հարթութեան վրա նաեւ ակնբախ իրադարձություն էր ԻԻՀ ԱԳ նախարար Մոթթաքիի պաշտոնական այցը Վրաստան՝ համագործակցությունների ծավալուն ծրագրեր մշակելու մասին բուռն հայտարարությունները, որոնք այսպես թէ այնպես՝ չեն վրիպելու Մոսկվայի տեսադաշտից:

Սրան զուգահեռ, սակայն, Իրանի արտաքին գերատեսչությունը նոր առաջարկներով հանդես գալով՝ վաստակեց Եւրո-ամերիկեան □5+1□ միջամուխ խմբի համաձայնութիւնը՝ բանակցությունները իրանամետ կեցվածք որդեգրած Թուրքիայում վերսկսելու՝ Իրանի միջուկային էներգիայի թղթածրարի օրակարգով, որը, այսպես թէ այնպես, ընդառաջում գտավ ԱՄՆ-ի կողմից, մինչ այն աստիճան, որ վերջնիս պաշտպանության նախարար Գեյտզն ընդդիմանալով նույնինքն Իսրայելի վարչապետ Նաթանիահուին՝ բացառեց Իրանի դեմ զինվորական քայլերի դիմելու վարկածը...:

Դերենիկ Մելիքյան

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը